«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ամռանը «Մոնակո» է վերադառնալու, մտադիր է կարիերան շարունակել «Չելսի»-ում: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
«Կարմիր սատանաներ»-ը չցանկացան գնել Ֆալկաոյի իրավունքները, քանի որ մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես գալով ակումբում, կոլումբիացի ֆուտբոլիստը, ով շաբաթական 265 հազար ֆունտ էր վաստակում, չարդարացրեց սպասելիքները: Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն 29 հանդիպում է անցկացրել մանչեսթերյան ակումբի կազմում և ընդամենը 4 գոլի հեղինակ է դարձել:
«Չելսի»-ն Դիդիե Դրոգբային փոխարինող է փնտրում, և Ֆալկաոն ընդգրկված է լոնդոնցիների տրանսֆերային ցուցակում: Միակ խոչընդոտը տրանսֆերային գործարքի իրականացման ճանապարհին կարող է լինել կոլումբիացու բարձր աշխատավարձը: Սակայն «Չելսի» տեղափոխության համար Ֆալկաոն համաձայն է շաբաթական 200 հազար ֆունտից քիչ վաստակել:
Հավելենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալ»-ը:







































