Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռուզաննա Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը չի քննվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է եղել: Դատավորը, հետազոտելով քրեական գործը, կայացրել է որոշում՝ 52-ամյա ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Ռուզաննա Կ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործ հարուցելու համար հիմք էր եղել քաղաքացի Կարեն Խ.-ի՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-ի հաղորդումը ոստիկանության Կենտրոնականի բաժին այն մասին, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին շտապօգնության աշխատող Ռուզաննա Կ.-ն իր մորաքրոջ՝ Սիլվա Պ.-ի դիակից գաղտնի հափշտակել է ոսկե ականջօղերը և խաբեությամբ իր եղբորից վերցրել է 5 հազար դրամ: Կարեն Խ.-ն խնդրել է Ռուզաննա Կ.-ին ենթարկել քրեական պատասխանատվության:
Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, հարուցվել է քրեական գործ, իսկ 2015 թվականի փետրվարի 26-ին Ռուզաննա Կ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ Ռուզաննա Կ.-ն, «Շտապօգնություն» ընկերությունում աշխատելով որպես ֆելդշերական բրիգադի սանիտար, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ընդգրկված է եղել հերթապահության գրաֆիկում և ժամը 9-ից կատարել է աշխատանքային պարտականությունները: Ժամը 11-ն անց 15-ին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում դիակ կա: Ռուզաննա Կ.-ն շտապօգնության մեքենայով մեկնել է հիշյալ շենքի համապատասխան բնակարան, որտեղից ժամը 13-ին Սիլվա Պ.-ի դիակը տեղափոխել են շտապօգնության մեքենայի սրահ, որպեսզի տանեն դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն:
Դիակի տեղափոխման ընթացքում, ըստ մեղադրանքի, սանիտար Ռուզաննա Կ.-ն դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 50 հազար դրամ արժողության ոսկե ականջօղերը:
Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ մեղսագրված արարքը՝զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակությունը՝ որակված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, մասնավոր հետապնդման գործ է, կարող է հարուցվել տուժողի բողոքի առկայության դեպքում: Եթե տուժողը ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես այն պատճառով, որ մահացած է, բողոք ներկայացնել չի կարող, բողոք կարող է ներկայացնել տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ նրա մերձավոր ազգականը: Տուժողի իրավահաջորդին, համապատասխան խնդրանքով հետաքննության մարմնին դիմած քաղաքացիներից ընտրում է դատախազը կամ դատարանը՝ համապատասխան որոշմամբ:
Ըստ այս գործով դատարանի կայացրած որոշման՝ քրեական գործում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, թե Սիլվա Պ.-ի մահից հետո ո՞ւմ սեփականությունն են դարձել նրա ոսկե ականջօղերը, ո՞վ է այս գործով տուժողը, և ո՞վ իրավունք ունի բողոք ներկայացնելու:
Որոշման մեջ նշված է, որ Կարեն Խ.-ն 2014 թվականի դեկտեմբերի 23-ին դիմում է գրել վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել, սակայն վարույթն իրականացնող մարմինը Կարեն Խ.-ին տուժողի իրավահաջորդ ճանաչելու կամ նրա միջնորդությունը մերժելու մասին որոշում չի ընդունել:
Այս գործով դատական որոշման մեջ նշված է. «Ավելին, քննիչը, առանց հաշվի առնելու, որ Կարեն Խ.-ն Սիլվա Պ.-ի մերձավոր ազգականը չի հանդիսանում, նրան պարզաբանել է տուժողի իրավունքներն ու պարտականությունները և հարցաքննել է որպես տուժողի իրավահաջորդի»:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ այս՝ մասնավոր հետապնդման գործով բացակայում է պատշաճ տուժողի բողոքը, ինչի պատճառով էլ քրեական գործը ենթակա է կարճման, իսկ Ռուզաննա Կ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:
Դատարանը որոշել է, որ ոսկե ականջօղերը, որոնք Ռուզաննա Կ.-ն վերադարձրել էր, իսկ վարույթն իրականացնող մարմինը դրանք իրեղեն ապացույց էր ճանաչել, պետք է վերադարձվեն Կարեն Խ.-ին:
Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել մեղադրող դատախազ Տ. Պողոսյանը և գործով որպես տուժողի իրավահաջորդ հարցաքննված Կարեն Խ.-ն:
Մեղադրողը իր բողոքով խնդրել է բեկանել դատարանի որոշումը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Դատախազը մեր զրույցում ասաց, որ իր բողոքում հիմք է ընդունել վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշումը այն դեպքերի վերաբերյալ, երբ մասնավոր հետապնդման գործով տուժողը որևէ պատճառով, մասնավորապես՝ մահանալու պատճառով չի կարող անձամբ բողոք ներկայացնել: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր կարող են անկարող լինել բողոքելու, միաժամանակ նրանք կարող են և մերձավոր ազգականներ չունենալ, լինել անժառանգ ու բոլորովին միայնակ: Այդ դեպքում նրանցից, օրինակ, զգալի չափերի գողության կատարումը պետք է մնա անպատի՞ժ…
Գործով որպես տուժողի իրավահաջորդ հարցաքննված Կարեն Խ.-ն իր բողոքում պահանջել է դատարանի որոշումը բեկանել, գործն ուղարկել լրացուցիչ քննության, վերսկսել քրեական հետապնդումը Ռուզաննա Կ.-ի նկատմամբ ու նրան քրեական պատասխանատվության ենթարկել ոչ թե մասնավոր հետապնդման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, այլ՝ 177 հոդվածի 3-րդ մասով՝ հանրային հետապնդման գործով:
Այս գործով առաջիկա նիստը վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա մայիսի 27-ին:










































