ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդել Հյուսիսային Կորեայի վրա և երկրին մղել վերսկսելու միջուկային բանակցությունները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Քերին ենթադրում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է Հյուսիսային Կորեային ցույց տալ, որ միջուկային զենքից հրաժարումը բերում է երկրում տնտեսական վիճակի բարելավման: Միաժամանակ, Քերին նշել է, որ հայտնի չէ՝ արդյոք Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կարո՞ղ է «յուրացնել» այդ ուղերձը:
Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն է հռչակել, 2005թ. և 2006, 2009 և 2013թթ. ստորգետնյա միջուկային փորձարկումներ է կատարել, որոնք առաջացրել են միջազգային հանրության բողոքը: Ի պատասխան Փխենյանի գործողությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի շարք բանաձևեր է ընդունել, որոնք Հյուսիսային Կորեայից պահանջում են դադարեցնել գործունեությունը միջուկային ոլորտում:









































