Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալը 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է 605 մլն դոլար՝ 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2 տոկոսով։ Աճի ցուցանիշով Հայաստանն առաջատար է ԵՏՄ երկրների շարքում։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը։
Համաձայն հանձնաժողովի տվյալների՝ ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ծավալը նվազել է 0.7 տոկոսով և կազմել 212 մլրդ դոլար։
Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճը հաշվետու ժամանակահատվածում հիմնականում պայմանավորված է եղել լեռնահանքային արդյունահանման ոլորտի ընդլայնմամբ և բաց քարհանքերի մշակմամբ։ Աճն այս ոլորտում եղել է 27.7 տոկոս՝ կազմելով 115.9 մլն դոլար։
Հաշվետու ժամանակահատվածում երկրում վերամշակող արդյունաբերությունը կազմել է 359 մլն դոլար՝ 0.6 տոկոս աճով։
Վիճակագրական տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական ծավալը աճել է նաև Ղազախստանում՝ 0.6 տոկոս, և կազմել 18.3 մլրդ դոլար։ Բելառուսում հունվար-մարտ ամիսներին գրանցվել է արդյունաբերական արտադրության 7.3 տոկոսի անկում՝ հասնելով 11.6 մլրդ դոլարի, իսկ Ռուսաստանում ծավալը նվազել է 0.7 տոկոսով՝ հասնելով 181.5 մլրդ դոլարի։
ԵՏՄ-ին միանալու գործընթացում գտնվող Ղրղըզստանի արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 20.9 տոկոսով՝ հասնելով 825.1 մլն դոլարի։
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանին բաժին է ընկել ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալի 85.6 տոկոսը, Ղազախստանին՝ 8.6 տոկոսը, Բելառուսին՝ 5.5 տոկոսը, Հայաստանին՝ 0.3 տոկոսը։
Դիտարկվող ժամանակահատվածում ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է վերամշակող արդյունաբերությունը՝ 61.7 տոկոս։ 26.1 տոկոս կազմել է օգտակար հանածոների արդյունահանման ծավալը, իսկ էլեկտրաէներգայի, գազի ու ջրի արտադրության և բաշխման մասնաբաժինը կազմել է 12.2 տոկոս։








































