Նյու Յորքի Christe’s աճուրդում հետպատերազմյան և ժամանակակից արվեստի վարպետների գործերի վաճառքը միանգամից սահմանել է 5 համաշխարհային ռեկորդ. իրացված ստեղծագործությունների ընդհանուր արժեքը հասել է 658.5 մլն դոլարի: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Աճուրդում ներկայացված 85 գործերից ամենաթանկը ամերիկացի նկարիչ Մարկո Ռոտկոյի «Համար 10» ստեղծագործությունն է: 1958-ին թվագրվող գործը վաճառվել է 81.925 մլն դոլարով:
Գնային ռեկորդ է սահմանել բրիտանացի Լյուսյեն Ֆրեյդի Benefits Supervisor Resting գործը՝ վաճառվելով 56.165 մլն դոլարով:
Ամերիկացի մինիմալիստ Ռոբերտ Ռայմանի «Կամուրջը» 20.605 մլն դոլարի դիմաց գտել է իր նոր տիրոջը:
Ամերիկացի նկարիչ Ռոբերտ Ռաուշենբերգի «Հովհաննեսի նկարը» վաճառվել է 18.645 մլն դոլարով:
Անսպասելի հաջողություն է ունեցել իտալացի քանդակագործ Անսելմո Ջովանիի Torsione գործը. նախնական արժեքը գերազանցվել է 8 անգամ՝ կազմելով 6.4 մլն դոլար:






































