Տարիքից շուտ կնճռոտված դեմքերը` կրոնական տառապանքի և կեղտի հետքերով. ահա թե ինչ տեսք ունի աղքատությունը միլիոնավոր հնդիկների համար, ովքեր իրենց գոյությունն են պաշտպանում օրական 170 դրամով: Այս մասին գրում է լրագրող Քրիս Փլիզանսը` dailymail պարբերականում:

Վառ գույնի չալմաներով սուրբ շարժումեր անող հնդիկ կրոնավորներից մինչև ճերմակած մազերով ողորմություն խնդրող կանայք. այս ազդեցիկ դիմանկարների հեղինակն իտալացի 42- ամյա լուսանկարիչ Ռոբերտո Պացցին է:

Նա երեք շաբաթ անցկացնելով ասիական երկրում, լուսանկարել է բոլոր տարիքի մարդկանց, մի շարք քաղաքների արվարձաններում՝ Դելի, Ջեյսալմեր, Ջոդփուր, Ուդայփուր, Ջայփուր, Ագրա, Վարանասի և Կալկութա:

Ռոբերտոն ասում է, որ նա գերված է այդ մարդկանցով և խոնարհվում է նրանց առջև, ովքեր ապրում են մի երկրում, որտեղ համաշխարհային բանկի տվյալների համաձայն, 179,6 միլիոն մարդ գտնվելով աղքատության շեմից ցածր մակարդակում, պայքարում է գոյատևման համար:

42 -ամյա իտալացին այժմ ապրում է Տրեվիլիո քաղաքում` աշխատելով որպես վաճառքի մենեջեր: Նա ասում է. «Ես արեցի այս լուսանկարները, քանի որ ուզում էի ստեղծել պատուհան դեպի Հնդկաստանի ժողովրդի կյանքը: Ես համարում եմ, որ նրանց դեմքերը, աչքերը, ձեռքերը և կնճիռները, ամենը շատ արտահայտիչ են, կարծես նրանց մարմինը պատմություն է պատմում: Նրանք ապրում են այնպես պարզ, երջանիկ կյանքով, և ես մտածում եմ, որ այն բարոյական օրինակ է, որին պետք է հետևի մեր հասարակությունը»:

Հնդկաստանի միջով ճանապարհորդության ժամանակ, Ռոբերտոն իր ժամանակն անց է կացրել քաղաքների հանգիստ արվարձաններում:

Նա ասում է. «Իմ լուսանկարած մարդկանցից շատերը նախկինում երբեք տեսախցիկ չէին տեսել: Ես հիշում եմ հատկապես մի աղքատ մարդու, որը փորձում էր փողոցում գետնանուշ վաճառել: Երբ ես նրան նկարեցի, նա այնքան ապշած էր, որ կանչեց իր ամբողջ ընտանիքին, որպեսզի տեսնեն: Նա այնքան երջանիկ էր նկարի համար, որ ինձ առաջարկեց մի պայուսակ գետնանուշ՝ այն ամենը` ինչ նա ուներ»:

Ռոբերտոն յուրաքանչյուր մարդու նկարում էր մոտ 5 անգամ, ձգտելով կատարելապես ստանալ նրանց դիմագծերը:

Նա ասում է. «Ես միշտ մոտենում եմ մարդկանց ժպիտով, որը ես կարծում եմ ամենալավ «այցեքարտն» է, որ դու կարող ես մարդու ցույց տալ: Նրանք միշտ զվարճանում են, և հաճախ ինձ հետ կիսվում են իրենց անձնական կյանքի պատմություններով: Ես միշտ բավականին հուզվում եմ նկարներ անելիս, և անհանգստանում եմ, որ միգուցե չկարողանամ ցույց տալ այն ինչ կցանկանայի, որ լուսանկարը արտահայտեր»:

Միջինը, Հնդկաստանի արվարձանային գյուղերում ապրողները գոյատևում են օրական 22,42 ռուփիով, որը կազմում է մոտավորապես 170 դրամ:

Ռոբերտոն ասում է. «Լուսանկարչությունը ինձ հիշեցնում է որ կյանքում ամենահասարակ բաները ամենակարևորներն են: Ես իսկապես հուսով եմ, որ իմ նկարները կարտացոլեն այս փիլիսոփայությունը»:











































