Մայիսյան հաղթանակի տոնակատարությունների ընթացքում Հայաստանի ներիշխանական համակարգը փաստորեն գտնվել է, այսպես ասած, խաչաձև քննարկումների մեջ, որոնք ընթացել են Մոսկվայում և Ստեփանակերտում:
Մայիսի 9-ին Մոսկվայում են գտնվել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Սերժ Սարգսյանը, իսկ Ստեփանակերտում այդ ընթացքում եղել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Արկադի Ղուկասյանը, որը նաև ԼՂՀ նախկին նախագահն է, և ՀՀ ու ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Մոսկովյան հանդիպման առումով հետաքրքրական էր նաև մի տեղեկատվություն, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն այդ այցի ընթացքում ոչ միայն, այսպես ասած, եվրասիական ֆորմատի հավաքին պետք է մասնակցեր, այլ նաև պետք է քննարկվեին Հայաստանի էներգետիկ համակարգի հետ կապված հարցեր միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասնակցությամբ, մասնավորաբար՝ կապված Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականատիրոջ փոփոխության և ցանցերը ռուսական «Ինտեր ՌԱՈ» ընկերությունից Սամվել Կարապետյանին փոխանցելու հետ:
Ըստ որում, շատ ուշագրավ է, որ մայիսյան տոներից հետո վերջապես այս հարցում Կարապետյանի անվան շոշափման հետ կապված հստակություն է մտցվել, և հայտարարությամբ հանդես է եկել Կարեն Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի հայաստանյան պատգամավոր եղբոր գրասենյակը։ Այդ հայտարարությամբ ըստ էության հերքվել է այն, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է ձեռք բերել ցանցերը:
Բոլոր դեպքերում այստեղ, իհարկե, հետաքրքրականը այն քննարկումներն են, որ կարող էին լինել Մոսկվայում: Եվ հետաքրքրական էին հենց Ստեփանակերտում ծավալված զուգահեռ քննարկումների ֆոնին: Այդ քննարկումների առանցքում էլ ղարաբաղյան խորհրդարանի ընտրությունները պետք է որ լինեին, սակայն ակնհայտ է, որ առանցքով հանդերձ՝ ներիշխանական քննարկումները դուրս են գալիս ավելի լայն շրջանակներ և հանգում ի վերջո Հայաստանի իշխանական կառուցվածքին ու հարաբերություններին:
Եվ այս տեսանկյունից հետաքրքրական է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո Հայաստանի ներիշխանական համակարգը ըստ էության երկու զուգահեռով խաչաձև քննարկումներ է իրականացրել:
Եվ եթե սրան գումարենք նաև այն, որ այդ ընթացքում էլ տեղեկություն տարածվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից, որ հանձնաժողովը աշխատում է խորհրդարանական մոդելի վրա և իր եզրակացությամբ ընտրում հենց այդ մոդելի առանցքով նախագիծը, ապա հասկանալի կդառնա, որ Հայաստանում ներիշխանական սուբյեկտները պատրաստվում են որոշակի մեկնարկի, և դրանից առաջ, այսպես ասած, ճշտվել են կամ սլաքներ, կամ հարաբերություններ, կամ խաղի կանոններ:
Իսկ այս ամենն առավել ևս հետաքրքիր է դառնում երկու այլ իրողությունների ֆոնին՝ Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի շրջանակում ղարաբաղյան հարցի քննարկում կամ հայ-ադրբեջանական արտգործնախարարական, կամ նախագահական մակարդակով, և մայիսի 12-ին, այսինքն՝ այսօր, Սոչիում ռուս-ամերիկյան քննարկումներ Ջոն Քերի-Վլադիմիր Պուտին մակարդակով:







































