ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԲՀԿ խմբակցությունում պարտադրված մնացած պատգամավորների մի խումբ բանակցություններ է վարել իշխանությունների հետ, առաջարկելով իր աջակցությունը խորհրդարանում: Այս խումբը, որի կազմում ընդգրկված են Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Ներսիսյանը, Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, և էլի մեկ- երկու պատգամավորներ ընտրված մեծամասնական ընտրակարգով ինչպես օրինակ Մուշեղ Պետոյանը և Դավիթ Քոչարյանը, ովքեր պաշտոնապես դուրս են եկել ԲՀԿ խմբակցությունից, ցանկացել են հանդես գալ որպես առանձին միավոր: Նրանց առաջարկը ՀՀԿ ղեկավարությանը կայացել է հետևյալում. իրենք խորհրդարանի առաջիկա երկու տարիների գործունեության ընթացքում աջակցում են ՀՀԿ-ական մեծամասնությանը, դրա փոխարեն ՀՀԿ-ն և իշխանություններն էլ իրենց են աջակցում 2017թ. խորհրդարանական ընտրություններում: Սակայն, այս գործարքը չի կայացել, քանի որ իշխանության նավն այնքան է ծանրաբեռնված տարբեր տեսակի բալաստ քաղաքական ուժերով և գործիչներով, որ ՀՀԿ ղեկավարությունը մտավախություն է ունեցել, որ նոր բալաստների ավելացումը ուղղակի կարող է խորտակել նավը:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ԱԺ-ում պատգամավորական խումբ կարող է ստեղծվել առնվազն 10 անկախ պատգամավորների մասնակցությամբ: Այսօր խորհրդարանում կա ընդամենը 7 անկախ պատգամավոր և ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները թեև անկուսակցական են, բայց շարունակում են մնալ ԲՀԿ խմբակցության անդամ, այսինքն` նրանք անկախ չեն համարվում: Չնայած իրավական առումով հնարավոր չէ պատգամավորական խումբ ստեղծել, սակայն ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորները ցանկացել են ոչ ֆորմալ խումբ ստեղծել, որը թեև չի գրանցվի, սակայն կունենա միասնական դիրքորոշում: Նրանք ՀՀԿ խմբակցության և խորհրդարանի ղեկավարությանն առաջարկել են, որ պատրաստ են հանդես գալ հայտարարությամբ, ասելով որ իրենք կիսում են ՀՀԿ-ի տեսակետները և պատրաստ են քվեարկել այնպես, ինչպես կորոշի ՀՀԿ-ն: Սակայն ՀՀԿ-ն հրաժարվել է խմբի ծառայություններից, ինչի պատճառով խումբը կազմալուծվել է:
Եթե այս առաջարկն արվեր մինչև փետրվարի 12-ը, ՀՀԿ-ում գրկաբաց կընդունեին նրանց և անպայման կառաջարկեին համագործակցության գրավիչ տարբերակներ: Բայց փետրվարի 12-ից հետո, երբ այս պատգամավորները դուրս են եկել ԲՀԿ-ից և, ըստ էության, գնալու որևէ տեղ չունեն, նրանք իրենք իրենց դատապարտել են լինելու ՀՀԿ-ի կցորդը:
Այդ դեպքում ինչպես ՀՀԿ-ականներն են ասում` ինչ իմաստ ունի նրանց հետ բանակցել և նրանց պայմանները բավարարել, եթե առանց այդ էլ հիշյալ պատգամավորները չեն կարող այլ կերպ քվեարկել, քան այնպես, ինչպես ՀՀԿ-ն: Առավելագույնը, որ կարող են անել նրանք, ԱԺ նիստերը բոյկոտելն է, որը և անում են այս պատգամավորները, քանի որ նրանք նույնիսկ ՀՀԿ-ից մերժվելուց հետո այդքան համարձակություն չունեն դեմ գնալու իշխանությանը, կամ դեմ քվեարկելու իշխանական օրինագծերի ընդունմանը: Ավելին. ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ ցանկացած պահի, երբ իրենց պետք լինի` այս պատգամավորները քվեարկելու են այնպես, ինչպես իրենք կցանկանան, անկախ նրանից որ նրանց հետ պայմանավորվածությունը չի կայացել:
Մյուս կողմից` ՀՀԿ-ականներն ասում են, որ իրենք քվորում ապահովելու կարիք ամենևին էլ չունեն, որովհետև առանց ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորների էլ իրենք կարողանում են անցկացնել իրենց ցանկացած որոշումներն ու օրենքի նախագծերը: Իսկ համաձայնության գալ այդ թիմի հետ կնշանակի` պարտավորություն վերցնել, որ ՀՀԿ-ն պետք է 2017թ. օգնի կամ առնվազն չխանգարի այդ պատգամավորների վերընտրությանը մեծամասնական ընտրատարածքներում, ինչը ՀՀԿ-ի համար անըդունելի է: ՀՀԿ-ականներն իրենք չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն իրենց պատգամավորների վերատադրության հարցերը, ուր մնաց, որ երաշխիքներ տան այլ խմբակցությունների անդամներին:
ԲՀԿ մեր աղբյուրներն էլ պնդում են, որ կուսակցությունը որոշում է կայացրել, որ այն պատգամավորները, ովքեր ցանկացել են հանդես գալ որպես առանձին միավոր ՀՀԿ-ի հովանու ներքո, այլևս ԲՀԿ հետ վերադառնալու ոչ մի հնարավորություն չի տրվելու: Այն դեպքում, որ ԲՀԿ-ից դուրս եկած մի քանի պատգամավորներ վերականգնում են իրենց կապերը կուսակցության հետ, և որոշ ժամանակ անց կարող են հայտարարել ԲՀԿ հետ վերադառնալու մասին:







































