ԱՄՆ Տեխաս նահանգի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է մի քանի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ կապված տոռնադոյի ու ջրհեղեղների հետ։ Այս մասին ասվում է նահանգապետի կայքում զետեղված պաշտոնական հայտարարության մեջ:
«Այսօր նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կապված Բոսկե, Քլեյ, Դենթոն, Իսթլենդ, Գեյնզ, Մոնթեյգ ու Վան-Զանդ շրջաններում տարերային աղետի հետ, ու կազմակերպել է նահանգի ռեսուրսների մոբիլիզացիա՝ օգնելու տուժած համայնքներին: Իրավիճակի զարգացումից կախված՝ կարող են ավելանալ նաև այլ շրջաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին, Արկանզասի նահանգապետ Ասա Հաթչինսոնը տասնյակ շրջաններ աղետի գոտի է հայտարարել՝ հայտնում է Arkansas Matters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տեխասում ու Արկանզասում տարերային աղետի զոհ է դարձել 5, տուժել 50 մարդ:







































