Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունները գնահատում է թափանցիկ, եվրոպական արժեքներին համապատասխան։ Վերջինս ԼՂ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել:
«Առաջին անգամ էի, որպես դիտրդ Արցախում: Մենք ականատեսն ենք եղել այնպիսի ընտրությունների, որոնք կատարյալ էին և իրականացվել են թափանցիկ ու եվրոպական չափանիշներին համապատասխան: Ինձ համար դա շատ կարևոր է, քանի որ Արցախում ժողովրդավարություն է հաստատված: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ապրում է ժողովրդավարական չափանիշներով: Ոչ մի միջադեպ չկա, որի մասին կցանկանայի խոսել»,-ասաց նա։
Վերջինս վերհիշեց նաև Ադրբեջանում անցկացված վերջին նախագահական ընտրությունները․«Հստակորեն հիշում եմ երկու տարի առաջ աշնանը Ադրբեջանը ձև տվեց թե նախագահական ընտրություններ է կազմակերպել: Ադրբեջանցիները, սակայն նախապես գիտեին, ինչպիսի արդյունք է լինելու ընտրությունների ավատին: Եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդը ցանկանում է հետ վերադառնալ՝ սխալվում է: Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան այսպես կոչված` ժողովրդավարական Ադրբեջանը»:
Վերջինս ցավով ընդգծեց, որ եվրոպական երկրները մինչև ընտրությունների ավարտը չեն ցանկանում ճանաչել դրանք․«Հետաքրքիր է, ինչպես կարելի՞ է չընդունել այսքան կատարյալ ու թափանցիկ ընտրությունները»:







































