ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը` անջնջելի հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ:
Այսօր արցախցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի երկիրը, կերտել իր սերունդների ապագան: Մարդկանց աշխատանքով ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր արժանի տեղը գտնել հայրենիքում եւ բարեխիղճ աշխատանքով հոգալ իր ընտանիքի հոգսերը: Իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորն այս ուղղությամբ:
Թանկագին արցախցիներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք և մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»:








































