Համացանցում հայտնվել է գլխավոր դերում Վին Դիզելի մասնակցությամբ «Վհուկների վերջին որսորդը» ֆիլմի առաջին պրոմոն: Ֆանտաստիկ մարտաֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2015թ. հոկտեմբերի 15-ին, հայտնում է ռուսական korrespondent.net կայքը:
Թրեյլերում գլխավոր հերոսը պատրաստվում է էպիկական կռվի՝ ստուգելով բոլոր տեսակի զենքեր պարունակող զինապահեստը և ցուցադրելով «հրե շեղբը», որը շատ շուտով պետք է օգտագործվի իր նպատակի համար:
Ֆանտաստիկ մարտաֆիլմի սյուժեն կառուցված է երիտասարդ ազդեցիկ կախարդուհու հետ միավորված վհուկների անմահ որսորդի շուրջ, ում նպատակն է խանգարել վհուկներին համայն մարդկությանը ժանտախտով վարակել:
Բացի Դիզելից, ֆիլմում նկարահանվել են Էլայջ Վուդը, Ժոզեֆ Գիլգանը, Մայքլ Քեյնը և «Գահերի խաղը» ֆիլմի աստղ Ռոուզ Լեսլին:
Հիշեցնենք, որ Վին Դիզելի մասնակցությամբ վերջին նախագիծը դրամարկղային բոլոր ռեկորդները ջախջախած «Ֆորսաժ 7»-ն է: Ֆիլմում գլխավոր դերերից մեկը խաղացել է Փոլ Ուոքերը, ով 2013 թվականին ավտովթարի զոհ դարձավ:







































