Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականի սյունակագիր Ռասիմ Օզան Քյութահյալըն իր նոր հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային՝ նշելով, որ «1915-ին տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցեղասպանություն»:
Վերջինս նշում է, որ ցանկանում է իր պատմությունն էլ, իր խոսքն էլ ասել Ցեղասպանության թեմայի վերաբերյալ՝ նշելով, թե իրեն արդեն չի կարողանում այլ բան համոզել, քան այն, որ այս հողերում ցեղասպանություն է եղել: Նա նշում է, որ սկզբում հակված էր ուշադրություն դարձնել հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը ժխտող գրականությանն ու նյութերին, սակայն այդ ժխտողականությունն էլ ստիպեց իրեն փոխել վերաբերմունքը և ճանաչել Ցեղասպանությունը՝ հասկանալով, որ անգամ ժխտողական բովանդակությունը չէր կարող ծածկել կատարված հանցագործությունը:
«Ժամանակին շատ էի կարդում Ջասթին ՄաքՔարթիի (Ցեղասպանությունը ժխտող թուրքամետ ամերիկացի գիտնական է-խմբ.) գրածները, ասում էր, թե եթե հայերի չտեղահանվեին, Արևելյան Անատոլիան (Արևմտյան Հայաստանը-խմբ.) Թուրքիայի կազմում չէր մնա, այդ պատճառով էլ տեղահանությունն արդարացված էր: Մի խումբ մարդիկ էլ, արձագանքելով ՄաքՔարթիի այս ասածներին, ասում էին, թե որ այդպես է, ապա արվածը ճիշտ էր: Եվ ահա այս ամենի արդյունքում էլ իմ մտքերում շրջադարձ եղավ: Անգամ ամբողջովին թուրքամետ նյութերը կարդալուց մի որոշ ժամանակ հետո էլ պարզ էր, որ մարդկության դեմ հանցագործություն է իրականացվել»,- գրում է թուրք հեղինակը:
«Այո, ես իմ ասելիքն ասացի, արդեն ինքս ինձ չեմ համոզում հակառակը: 1915-ին այս հողերում մեծ եղեռն, ցեղասպանություն է իրագործվել: Մարդկության դեմ հանցագործություն է կատարվել: Այս մեղսագործության դիմաց ասված ամեն «բայց»-ից սիրտս խառնում է»,-գրում է «Սաբահի» հոդվածագիրը:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցներում, որտեղ հիմնականում գերիշխում է Ցեղասպանությունը ժխտող բովանդակությունը, փոքրաթիվ հոդվածագիրներ և լրագրողներ երբեմն հանդես են գալիս Ցեղասպանությունը ճանաչող անդրադարձերով:







































