Գերմանիայի Համբուրգ քաղաքում երկարատև հիվանդությունից հետո մահացել է երաժիշտ Թոնի Շերիդանը, որը մասնակցել է լեգենդար The Beatles խմբի առաջին ստեղծագործությունների ձայնագրությանը,- հաղորդում է The Daily Telegraph-ը:
Թոնի Շերիդանը ծնվել է 1940 թ. մայիսի 21-ին Նորիջեում (Մեծ Բրիտանիա): Իր առաջին խումբը նա ստեղծել է 15 տարեկան հասակում:
Ինչպես նշում է թերթը, Շերիդանը փաստացիորեն բացահայտել է The Beatles-ին: Նա երիտասարդ երաժիշտների հետ ծանոթացել է Համբուրգում, որտեղ 1961 թ. նրանք միասին ձայնագրել են մի քանի ստեղծագործություններ, այդ թվում՝ My Bonnie, The Saints և Why (Cant You Love Me Again): My Bonnie-ն թողարկվել է՝ որպես Tony Sheridan & The Beat Brothers-ի սինգլ:
Այնուհետև նրանց ուղիները բաժանվել են: Վիետնամում պատերազմի ժամանակ Շերիդանն իր խմբի հետ ելույթ է ունեցել ամերիկյան բազաներում: Երաժիշտներից մեկը այդ ժամանակ զոհվում է կրակոցից, սակայն մամուլում սխալ հաղորդագրություն է հայտնվում երգչի մահվան մասին:
Վերջին տարիներին նա կնոջ հետ ապրել է Գերմանիայում:









































