2013թ. փետրվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությանն առնչվող ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ փետրվարի 17-ի դրությամբ ստացվել է 88 հաղորդում:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված 88 հաղորդումներից 71-ին դատախազությունն ընթացք է տվել սեփական նախաձեռնությամբ` զանգվածային լրատվության միջոցների և ՀՀ նախագահի թեկնածուների ինտերնետային էջերի մշտադիտարկման արդյունքում:
Դատախազությունը պարզաբանում է, որ գործող օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, քննարկման առարկա է դարձնում ընտրախախտումների վերաբերյալ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տեղեկություններ պարունակող հրապարակումները։ Դրանք ուղարկվում են ըստ քննչական ենթակայության՝ սեղմ ժամկետներում նյութեր նախապատրաստելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։
Կատարված ստուգումների արդյունքում 4-ին տրվել է պարզաբանում, 1-ով որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելու մասին, որով նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ քննչական վարչությունը, 20-ով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ մնացած 61 հաղորդումների ուղղությամբ ստուգումները շարունակվում են։







































