ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եվրոպական երկրներին կոչ է արել պատերազմից փախչող մարդկանց տրամադրել ապաստանի իրավունք։ Մեկնաբանելով երեկ Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների նավի հերթական վթարը՝ Պան Գի Մունը Միջերկրական ծովն անվանել է ներգաղթյալների համար ամենավտանգավոր ուղիներից մեկը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Գլխավոր քարտուղարը ցնցված ու խորապես վշտացած է Լիբիայի ափերի մոտ 700 ներգաղթյալների և փախստականների տեղափոխող նավի շրջվելու մասին հաղորդագրություններից։ Ողբերգությունը ևս մեկն է անցած շաբաթվա իրադարձությունների թվում, որոնցում հարյուրավոր այլ ներգաղթյալներ ու փախստականներ են զոհվել»,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում։
Նշենք, որ ներկա պահին հայտնի է, որ ջրից հաջողվել է դուրս բերել մոտ 30 մարդու։
2014-ին համանման հանգամանքներում մահացել են առնվազն 3500-ը։
«Միջազգային պատասխանը պետք է լինի համապարփակ և համընդհանուր։ Մարտահրավերը վերաբերում է ոչ միայն ծովում փրկարարական գործողությունների բարելավմանը և պաշտպանական միջոցների հասանելիությանը։ Խոսքը ողջ աշխարհում պատերազմներից փախչող մարդկանց աճող թվին ապաստանի իրավունքով ապահովելու մասին է»,- ասել է նա։









































