Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հոգացել է ոչ միայն իր, այլև ազգականների մասին` նրանց ապահովելով «յուղոտ» պաշտոններով: Պարզվում է` ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է` Հրայր Սարգսյանը:
Դեռ նախորդ տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում որոշում է կայացվել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության ««Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, տնօրենն էլ դարձել է Հ. Սարգսյանը: Նշենք, որ հենց այս ԾԻԳ-ի միջոցով են կատարվում քաղաքաշինական բոլոր կարևոր ու «փողոտ» ծրագրերը, ասել է թե`սա է «ատկատների» բույնը:
Հ. Սարգսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե իր պաշտոնավարումն ամենևին կապ չունի հորեղբորորդու` վարչապետ լինելու հետ: Ըստ նրա՝ ինքը մոտ 15 տարի այդ ոլորտում է աշխատել՝ նախկինում լինելով նաև «Լինսի» հիմնադրամի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրենը:









































