Հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն չի կարողացել 1 շաբաթ ապրել 29 դոլարով, ինչպես ավելի վաղ մտադրվել էր, որպեսզի ստուգի՝ արդյոք բավարա՞ր միջոցներ են հատկացնում չունևոր քաղաքացիներին: Այս մասին դերասանուհին նախօրեին գրել է goop.com կայքի իր բլոգում:
Այս շաբաթ դերասանուհին հայտարարել է մեկ շաբաթ միայն պարենային կտրոններով սնունդ գնելով ապրելու իր որոշման մասին: Չունևոր քաղաքացիներին հատկացվող կտրոնների գումարը շաբաթական 29 դոլար է: Այդ գումարով Փելթրոուն ձեռք է բերել 1 փաթեթ շագանակագույն բրինձ, սև լոբի, ձու և բանջարեղեն: Դերասանուհին այդպիսով ցանկացել է ցույց տալ, թե որքան քիչ մթերք կարող են գնել կարիքավոր ընտանիքները պարենային կտրոններով:
«Ինչպեսև ես ենթադրում էի, մենք կարողացանք ընդամենը 4 օր դիմանալ, ինչից հետո ես չդիմացա և հավ ու թարմ բանջարեղեն գնեցի»,- գրել է դերասանուհին:
Միաժամանակ, Փելթրոուն նշել է, որ հասկացել է՝ «որքան ծանր է այդպիսի բյուջեով նույնիսկ 4 օր առողջ, սպիտակուցներով հարուստ սնունդ օգտագործել»: Նա նաև սննդամթերքի համար այդպիսի բյուջե ունեցող՝ ԱՄՆ չունևոր քաղաքացիների անհրաժեշտությունն անվանել է «մարտահրավեր, որին 47 մլն ամերիկացի բախվում է ամեն օր, ամեն շաբաթ և ամեն տարի»:
Դերասանուհին մասնակցում է ակցիայի, որի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել փաստին, որ 2013 թվականից պարենային ծրագրի ֆինանսավորումը կրկնակի կրճատվել է:









































