Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի ղեկավար Գյունայ Օզդեմիրը Ուլու մզկիթ կատարած այցելության ժամանակ անդրադարձել է Վատիկանում մատուցված պատարագին, որի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածն իր անունով ՝ Հայոց ցեղասպանություն էր կոչել։ Այս մասին գրում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
«Թող Աստված Հռոմի պապին ցույց տա ճիշտ ճանապարհը։ Այստեղ հայերը 280 թուրք են վառել, թող Ֆրանցիսկոսը գա և տեսնի, համոզվի։ Ուլու մզկիթի այգում դեռ հետքերը պահպանվել են, որտեղ հայերը սպանել են թուրքերին։ Մենք հրավիրում ենք Հռոմի պապին գալ ու համոզվել, թե ովքեր են իրական մեղավորները», – ասել է Օզդեմիրը։
Նշենք, որ ավելի վաղ Հռոմի պապի հայտարարությանն անդրադարձել էին նաև Թուրքիայի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, արտգործնախարարն ու այլ պաշտոնատար անձինք։
Հիշեցնենք, որ ապրիլի12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»:









































