«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը
– Տիկին Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Հիմնադիր խորհրդարանի նկատմամբ տեղի ունեցած գործընթացները՝ ձերբակալությունները, խուզարկությունները:
– Ես պետք է հայտնեմ իմ անհանգստությունը, ինձ հասած տեղեկությունների համաձայն կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է Քննչական կոմիտեն ներկայացնի: Նրանց իսկ տարածած հաղորդագրությունը լրացուցիչ պարզաբանումների կարիք ունի: Անհանգստացնող է այն, որ բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ բերման են ենթարկվել, և ես՝ որպես Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, բնականաբար ուշադրության կենտրոնում եմ պահելու առաջիկա զարգացումները: Խոսել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որ նրանք ևս հետևողական լինեն: Որքան ինձ հայտնի է, այս պահին նրանց արագ արձագանքման խումբն արդեն գտնվում է այն վայրերում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները: Հետևաբար, առաջիկա զարգացումների ընթացքում մեզ համար պարզ կլինի, թե ինչ ապացույցների կամ ենթադրությունների հիման վրա են կատարել քննչական գործողությունները:
– Ինչ-որ նմանություն տեսնո՞ւմ եք մեկուկես ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցած իրադարձությունների և այս երևույթների միջև: Չէ որ այն ժամանակ ԲՀԿ-ն և հիմա Հիմնադիր խորհրդարանը հակաիշխանական գործունեություն են վարել:
– Երկու դեպքերում հիմնավորումները տարբեր են: Քննչական գործողությունների հիմքում ընկած հիմնավորումներն այլ են: Եվ չեմ շտապի զուգահեռներ անցկացնել, որովհետև պետք է սպասել ամբողջական պատկերի բացահայտմանը:
– Ձեր կարծիքով ճի՞շտ է թե իշխանությունների, թե ոչ իշխանական որոշ քաղաքական ուժերի այն կարծիքը, թե մինչև Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ավարտը պետք է դադար տալ բողոքի ակցիաներին:
– Ես կարծում եմ, որ օրենքի շրջանակներում ցանկացած գործունեություն ցանկացած ժամանակ չպետք է որևէ սահմանափակման ենթարկվի: Այստեղ, իհարկե, կա տարբեր քաղաքական ուժերի մոտեցման խնդիր: Որոշ ուժեր կարծում են, որ միգուցե պետք է սպասել մինչև ապրիլի 24-ը, մյուսներն այդ մոտեցմանն այնքան էլ կողմնակից չեն: Յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում` ինչպես վարվել:










































