Ստամբուլի «Բիլգի» համալսարանը հայտարարություն է տարածել, որով մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, թե բուհի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» խորագրով համաժողովից։
Համալսարանի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «իրականում իրենք որևէ հայտ չեն ստացել նման համաժողով անցկացնելու համար, ինչի պատճառով էլ այն ուղղակի չի կարող անցկացվել»:
«Բիլգի» համալսարանում նշել են, որ իրենց տրամադրության տակ որևէ դիմում չկա, որպեսզի նշված համաժողովն անցկացվի: Համալսարանում հավելել են, որ տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ է մի քանի շաբաթ առաջ տեղեկացնել համալսարանի ղեկավարությանը:
Նշենք, որ «Բիլգի» համալսարանի պատմության բաժնի վարիչ Բյուլենթ Բիլմեզը, որը համաժողովի կազմակերպիչներից է, հայտարարել է, որ համալսարանի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված համաժողովից, և այժմ իրենք Ստամբուլում նոր վայր են փնտրում՝ միջոցառումն անցկացնելու համար:
«Մեկ շաբաթ առաջ մեր դեկանն ասաց, որ կոնֆերանսը մեր համալսարանում չի անցկացվելու: Ցանկացա իմանալ, թե որոշման հետևում ով է կանգնած, ինչու է նման որոշում կայացվել, սակայն որևէ պատասխան չստացա: Շատ զարմացած եմ: Այժմ փորձում ենք միջոցառումը տեղափոխել Ստամբուլում հարմար մի սրահ»,- նշել է համալսարանի պատմության բաժնի վարիչը:
Նշենք, որ Ցեղասպանության վերաբերյալ համաժողովն անցկացվելու էր Հայկական սփյուռքի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպիչները լինելու էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, «Բիլգի» համալսարանը և թուրքական «Թարիհ» հիմնադրամը։
Համաժողովին մասնակցելու էին աշխարհի տարբեր երկրների գիտնականներ։ Հրավիրվածների թվում էին Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրկ Մոզեսը, Մյուգե Գյոչեքը, Քեթի Քարմայքլը և ուրիշներ։
Նշենք, որ 2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպագրում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական ու միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը: Այդուհանդերձ, Թուրքիայի տարբեր շրջաններում Ցեղասպանության թեմայով անցկացվում են հատուկենտ միջոցառումներ, որոնց շրջանակներում պատմական իրադարձություններին տրվում են ճշգրիտ գնահատականներ։
Նախկինում «Բիլգի» համալսարանն աչքի է ընկել Հայկական հարցի տեսանկյունից համեմատաբար ազատ և բաց դիրքորոշմամբ: Չի բացառվում, որ համալսարանում որոշել են հրաժարվել համաժողովից թուրքական իշխանությունների ճնշման ներքո:










































