ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության խոշոր մատակարար Raytheon ընկերությանը հաջողվել է ստեղծել լրտեսական ծրագիր, որը ոչ միայն հետևում է սոցիալական ցանցերից օգտվող մարդկանց գործողություններին, այլ նաև կարող է գուշակել նրանց վարքը: Այս մասին Frankfurter Rundschau պարբերականում գրել է Բեթինա Վեսթրինգը:
Սկզբունքը, որի հիմքի վրա աշխատում է համակարգը, ստացել է Riot անվանումը: The Guardian բրիտանական թերթի կայքը ներկայացրել է տեսաձայնագրություն, որում ընկերության աշխատակցի օրինակով ցուցադրված է, թե ծրագիրն ինչպես է վերլուծում Facebook, Twiiter և Foursquare սոցիալական ցանցերից ստացված տվյալները: Եվ այդ ամենն արվում է մի քանի կոճակներ սեղմելու միջոցով:
Վեսթրինգը նշում է, որ բավարար է միայն ծրագրում հավաքել ձեզ հետաքրքրող մարդու անունն ու ազգանունը և այն միանգամից ցույց կտա նրան և գրաֆիկ կկազմի, թե ինչ վայրեր է նա ամենից շատ հաճախում և ում հետ է շփվում սոցիալական ցանցերում:
Raytheon պնդում է, որ ընկերությունը դեռևս չի վաճառել իր ստեղծագործությունը, սակայն հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ վերոնշյալ ծրագրից արդեն օգտվել են ԱՄՆ-ի իշխանությունները և մի շարք ձեռնարկություններ:
Վեսթրինգը ընդգծում է, որ հատուկ ծառայությունները միակը չեն, որ մշակում են նման ծրագրեր: IT տեխնոլոգիաներին նվիրված The Register բրիտանական կայքը հաղորդում է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տանում IBM, SAS և Genesys Software ընկերությունները:







































