Samsung Electronics ընկերությունը հաջորդ սերնդի A9 չիպ կպատրաստի իր հիմնական մրցակից Apple ընկերության համար: Դրանք կօգտագործվեն iPhone-ի և iPad-ի նոր մոդելներում՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:
Այդպիսով ամերիկյան ընկերությունը կվերադառնա իր մրցակցի հետ համագործակցությանը՝ թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) ընկերության հետ համագործակցությունն ընդլայնելու փոխարեն:
Այդ պայմանագիրը կօգնի աշխարհում երկրորդ չիպ արտադրող Samsung ընկերությանը ռևանշ վերցնել TSMC-ից, որն անցած տարի վերջ դրեց iPhone-ի և iPad-ի համար չիպերի մատակարարման Samsung-ի մենաշնորհին: iPhone 6-ում օգտագործված A8 չիպերը հիմնականում գնվել են TSMC-ից:
Samsung-ը 14-նանոմետրանոց պրոցեսորներով չիպեր կարտադրի Apple-ի նոր սմարթֆոնների և պլանշետների համար, իսկ լրացուցիչ պատվերները կկատարի հարավկորեական ընկերության գործընկեր Globalfoundries Inc.-ը՝ պարբերականին պատմել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է պայմանագրի պայմաններին, որը դեռ չի հրապարակվել:
Apple-ի այս որոշման պատճառը հարավկորեական ընկերության տեխնոլոգիական գերակայությունն է թայվանական TSMC-ի նկատմամբ. Samsung-ը կարողացել է իր չիպերի վրա տրանզիստորների չափը կրճատել մինչև 14 նանոմետր, մինչդեռ TSMC-ը նախկինի պես 20-նանոմետրանոց տեխնոլոգիա է կիրառում:










































