Լրատվամիջոցին դատի տալու հերթական նախաձեռնությունը, որ հանդես բերեցին հայր և որդի Քոչարյանները, հետաքրքիր միտումների մասին է խոսում, որոնք երևի թե արժե որոշակի դիտարկումների ենթարկել:
Նախ՝ հետաքրքրական է գնալ մոտ երկու ամիս հետ և հիշել Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում, որտեղ նա հայտարարում էր, որ մերժել են լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ բռնությունը: Սա Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, ծրագրային, այսինքն՝ հիմնարար ելույթներից մեկն էր, որ նա ունեցավ նախագահի թեկնածու առաջադրվելով:
Եվ ահա երկու ամիս անց Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը դատի են տալիս մեր լրատվամիջոցին և հերթական միլիոնները պահանջում՝ ցույց տալով, որ Հայաստանում լրատվամիջոցների հանդեպ բռնությունները վերացված չեն, պարզապես փոքր-ինչ ձևափոխված են՝ ֆիզիկական բռնության փոխարեն ֆինանսա-տնտեսական բռնություն: Սակայն սրանով Ռոբերտ Քոչարյանը կարծես թե փորձում է ցույց տալ նաև, որ ինքն է որոշում՝ ինչ, երբ, ինչպես, ոչ թե Սերժ Սարգսյանը՝ իր ծրագրային ելույթներով: Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների հայցը առանձնահատուկ է այս տեսանկյունից:
Այսինքն՝ սա յուրօրինակ հայտերից մեկն է, որ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար ներկայացնում է իշխանական իր հավակնությունների շրջանակում: Երբ սույն հավակնությունը ենթարկում ենք որոշակի դիտարկման, ապա կարելի է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր հայտերը ներկայացնել, այսպես ասած, ուժի դիրքերից: Սա վկայում է այն մասին, որ կամ Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքականության այլ ռեսուրս, կամ նրա համար ուժի դիրքերից քաղաքականությունը, ռեպրեսիվ մոտեցումները համոզմունք են, և նա դրանցից չի հրաժարվի որևէ դեպքում:
Պետք չէ բացառել նաև այն հավանականությունը, որ Քոչարյանը արձանագրում է իշխող համակարգում նման մոտեցումների բացակայություն, այսինքն՝ դժգոհություն Սերժ Սարգսյանի հարաբերական մեղմության մարտավարությունից: Այսինքն՝ Քոչարյանը զգում է, որ համակարգում կա նման պահանջ, և փորձում է այն բավարարելու հայտերով բարձրացնել նաև իր պահանջարկը 2018 թվականի ընտրություններից առաջ, որին ընդառաջ՝ իշխանական համակարգում, բնականաբար, պայքար է գնալու նախագահական պաշտոնի համար:
Սակայն խաղը Հայաստանում վաղուց դուրս է եկել սևի ու սպիտակի շրջանակից և դարձել բազմավեկտոր, ազդեցության կենտրոններն են դարձել ավելի բազմազան, հետևաբար առնվազն մեծ վրիպում կարող է լինել առաջնորդվել միայն համակարգի ներսում, այն էլ՝ միայն որոշակի մասում առկա պահանջմունքներով:
Սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանի համար քաղաքականության մեջ պահպանվելու գլխավոր տարբերակը մնում է ստվերային գործողությունների ծրագիրը կամ, այլ կերպ ասած, ներիշխանական հեղաշրջման մարտավարությունը, որը կարծես թե Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ոճն է դառնում: Բայց այդ ոճը ներկայումս ոչ միայն պահանջված չէ համընդհանուր քաղաքական կոնյունկտուրայում, այլ նաև ձևավորված են այդ ոճի հակազդեցության հստակ մոտեցումներ, ինչը ստիպում է ոճի կրողներին կամ հրաժարվել դրանից, կամ ակտուալ քաղաքականության մասնակցությունից: Ռոբերտ Քոչարյանն այդ ընտրության առաջ է:
Միևնույն ժամանակ նկատելի է, որ նա փորձում է որոշակի փոփոխությունների գալ: Նրա վերջին հարցազրույցները վկայում են այդ մասին: Այդ մասին էր վկայում նաև Վարդան Օսկանյանի մուտքը քաղաքականություն: Սակայն վերջին շրջանում տեղի ունեցող իրողությունները հուշում են, որ Քոչարյանի համար փոփոխությունները շատ դժվար են տրվում, և հակվածությունը դեպի ռեպրեսիաներն են, ինչով էլ կարող են պայմանավորված լինել երկու հատկանշական մեսիջները՝ Վարդան Օսկանյանի հայտարարած քաղաքական լռությունը և Քոչարյանների հերթական հայցը լրատվամիջոցի դեմ:










































