Եգիպտոսի ոստիկանությունը ջրաշիթերի օգնությամբ փորձել է ցրել ցուցարարներին, ովքեր ցանկացել են հարձակվել նախագահի նստավայրի վրա:
Իրավապահ մարմինները ընդդիմության ցույցերի պատճառով բարձր պատրաստականության են բերվել: Անվտանգությունն ուժեղացվել է նախագահական նստավայրի, ներքին գործերի նախարարության, Թահրիր հրապարակի և այլ հաստատությունների շրջակայքում:
Ավելի վաղ ցուցարարները խափանել էին մետրոյի աշխատանքը և փակել գլխավոր կամրջի ավտոմեքենաների երթևեկությունը:
Ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը` նրան մեղադրելով 2011 թ. հեղափոխության սկզբունքների դավաճանության մեջ։
Երկու շաբաթ է՝ Եգիպտոսում շարունակվում են անկարգությունները: Կահիրեում նախագահական նստավայրի մոտ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Եգիպտոսի փրկության ճակատը պահանջել է դատարանի առաջ կանգնեցնել նախագահին, ով, նրանց կարծիքով, մեղավոր է Եգիպտոսում շարունակվող արյունահեղության մեջ: Այս օրերի ընթացքում 60 մարդ զոհվել է:









































