Անդրիաս Ղուկասյանին «Հրապարակի» թղթակցի այցելելու պահին այնտեղ էր կինը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ում մի քանի հարց ուղղեց:
– Դուք ինչպե՞ս եք այս ամենին մոտենում. որպես կի՞ն, թե որպես «պատրիոտ»:
– Ե՛վ նա, և՛ նա:
– Աջակցո՞ւմ եք:
– Իհարկե: Բայց դրա կողքին նաև պարտավորություններ ու պատասխանատվություն ունեմ, որպես կին՝ առավոտյան, ցերեկը և երեկոյան գալիս եմ, խնամում:
– Գիշերը չե՞ք մնում կողքին:
– Նայած գիշեր, հիմնականում տղաներն են հերթապահում, ողջ ցերեկը ես եմ այստեղ:
– Չե՞ք տագնապում, որ կվատանա, թե՞ անցնելու եք նաև դրա միջով ու չեք հորդորելու, որ դուրս գա հացադուլից:
– Իհարկե տագնապում եմ, բայց իրավունք չունեմ՝ իր որոշումներն ինքն է կայացնում, մանավանդ որ իր գաղափարախոսությունը լրիվ նվիրված է ազգին և նվիրյալ մարդու գաղափարախոսություն է: Այս պահին ես չեմ կարող իրեն որևէ բան ասել, իսկ եթե ասում եմ էլ՝ ոչ էլ լսում է ինձ:
– Բայց մի քիչ ծայրահեղ չէ՞ իր ընտրած պայքարի ձևը:
– Գիտեք, դա երևի միակ միջոցն է մնացել՝ փորձել մարդկանց բերել էն դաշտը… չգիտեմ, երևի միակ ճանապարհն է:
– Դուք ապահովված մարդիկ եք կարծես, խոսակցություններ են գնում մի դեպքում «Դվինի» հետ կապված, մյուս դեպքում՝ մեկ այլ բանի հետ կապված:
– Ինձ թվում է՝ էնքան անիմաստ է էդ ամեն ինչը, էդ զրույցները:
– Տա Աստված, որ այլևս ֆորս–մաժորներ չլինեն, և այնուհանդերձ, եթե ընտրություններն ավարտվեն կանխատեսելի արդյունքով, ինչպես շատերն են պնդում՝ Սերժ Սարգսյանի հաղթանակով, դուք ձեր պայքարն անիմաստ չե՞ք համարի:
– Ոչ, իհարկե ոչ. հանրությունը նոր ուղիներ տեսավ, նոր ճանապարհներ տեսավ, նոր հույսեր տեսավ՝ ի դեմս Անդրիաս Ղուկասյանի: Հարցը հացադուլը չէ, այլ մարդու պատրաստակամությունը՝ գնալ զոհաբերության հանուն իր ժողովրդի, իսկ ժողովրդին այսօր դա է պետք:







































