Հայաստանյան 15 հ/կ-ներ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ արտահայտելով իրենց մտահոգությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանին «Առավոտը» հարցրեց, թե ինչպե՞ս կխոչընդոտի տարածաշրջանային գրասենյակը հայաստանյան հ/կ-ների գործունեությանը, եթե այն տեղափոխվի Թուրքիա: «Շատ է խանգարելու, քանի որ մենք մեր գրասենյակի բոլոր քայլերը պետք է համաձայնեցնենք տարածաշրջանային գրասենյակի հետ, ապա՝ կենտրոնական գրասենյակի հետ: Եթե Թուրքիայի նման երկրում լինի տարածաշրջանային գրասենյակը, ապա նրա ազդեցությունը հսկայական կլինի: Պատահական չէ, որ հիմա է ակտիվացել Թուրքիան: Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում, և մենք հազար ու մի հարցով ՄԱԿ-ի հետ աշխատելու ենք, և փաստորեն պարզվում է, որ մենք Թուրքիայի հետ ենք աշխատելու»,- նշեց Դանիելյանը:







































