Google ընկերությունը սեփական ապրանքանիշի ներքո ստեղծում է նոթբուք, որը կունենա բարձր խտությամբ սենսորային դիսփլեյ և կաշխատի Chrome OS «ամպային» օպերացիոն համակարգով: Այս մասին հայտնում է TechCrunch-ը՝ հղում անելով տեսանյութին, որը ենթադրաբար բաց հասանելիություն է ձեռք բերել սխալմամբ:
Անհայտ օգտատերը, որը ենթադրաբար ընկերության նախկին աշխատակից է, համացանցում հրապարակել է գովազդային տեսանյութ, որում ցուցադրվում է 2560×1700 պիքսել խտությամբ սենսորային դիսփլեյով նոթբուքը: Հոլովակում ասվում է, որ սարքն աշխատում է Google Chrome օպերացիոն համակարգով և կոչվում է ChromeBook Pixel: Այն առաջին նոթբուքն է, որը լիովին նախագծվել է Google-ի ինժեներների կողմից:
Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեսանյութի իրական լինելը:
Ըստ TechCrunch-ի՝ տեսանյութում պրոֆեսիոնալիզմի առկայությունը և համակարգչային գրաֆիկայի բարդ տարրերը վկայում են այն մասին, որ տեսանյութը իրական է, իսկ համացանցում այն հայտնվել է սխալմամբ:









































