Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Սարգիս Համբարձումյանի և Էդուարդ Դավթյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 28-ամյա Սարգիսը նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ 22-ամյա Էդուարդ Դավթյանի հետ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:
2013 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Երևանի Փարպեցի փողոցի 14 շենքի մոտ դիմակներով ու դանակներով նրանք հարձակվել են նույն վայրում արագ սննդի օբյեկտ ունեցող Գարաբետ Մազլումյանի վրա, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, դանակներով հարվածել են Մազլումյանի ձեռքի մատներին, նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Համբարձումյանն ու Դավթյանը տուժողից հափշտակել են 200 դրամ արժողությամբ դրամապանակը՝ 48 հազար դրամ կանխիկ գումարով ու տարբեր պլաստիկ քարտերով: Փախչելու ժամանակ, զգալով, որ բռնվում են, տղաները նետել են դրամապանակը: Այն հայտնաբերվել է հարձակման վայրից որոշ հեռավորության վրա:
Հարձակվողների «բախտը» չի բերել: Հարձակման պահին այդ նույն վայրում են գտնվել երկու ոստիկաններ, ովքեր հետապնդել են փախչող տղաներին ու բռնել են «տաք-տաք»:
Սարգիս Համբարձումյանին և Էդուարդ Դավթյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Ամբաստանյալներն այս մեղադրանքը չեն ընդունել:
Սարգիս Համբարձումյանի պնդմամբ՝ ինքն ու ընկերը դիմակներով և դանակներով մոտեցել են տուժողին, որ վախեցնեն ու ստիպեն՝ նա լավ վարվի իր օբյեկտում աշխատող Ռեժինային՝ Սարգսի ընկերուհուն: Ըստ Սարգսի՝ եթե մենակ գնար ընկերուհու գործատուի հետ խոսելու, առանց դիմակի ու դանակի՝ «էդ էֆեկտը չէր ստացվի»:
Տուժող Գարաբետը դատարանում հայտարարել է, թե երկու ամբաստանյալներին էլ դեպքի պահին տեսել է առաջին անգամ, նախկինում նրանց չի տեսել: Գարաբետը սկզբում ասել է նաև, թե Ռեժինա անունով աշխատող իր սննդի օբյեկտում չի եղել:
Ռեժինան, որ Հայաստանում չէր, Հորդանանում էր, դատարանում վկայություն տալու համար ժամանել էր Երևան ու հարցաքննվել է դատարանում:
Նա հաստատել է Սարգսի տված ցուցմունքը, թե ինքն աշխատել է Գարաբետի սննդի օբյեկտում, Գարաբետին ծանոթացրել է Սարգսի հետ՝ ներկայացնելով որպես իր ընկերոջ: Գարաբետն իրեն կոպիտ է վերաբերվել աշխատանքի մեջ, ու ինքը հաճախ տուն է գնացել վատ տրամադրությամբ, արտասվել է: Ինքը Գարաբետի վերաբերմունքից գանգատվել է իր հետ ապրող Սարգսին:
Դեպքի կատարման պահին, ըստ Ռեժինայի, ինքն աշխատանքի մեջ է եղել հենց Գարաբետի օբյեկտում: Ինքը սպասել է Սարգիսին, որ նա գա, ու միասին տուն գնան: Բայց օբյեկտ է մտել Գարաբետն ու ասել է, թե իրեն ծեծել են:
Գարաբետը պնդել է, որ Ռեժինան իր աշխատողը չի եղել: Նա փորձաշրջան է անցել իր մոտ՝ Ղ. Փարպեցի փողոցում այն ժամանակ գործող «Ֆաքթորի» արագ սննդի կետում, դեպքից մոտ քսան օր առաջ դուրս է եկել՝ ասելով, թե մի ուրիշ տեղ է աշխատելու:
Դեպքի երեկոյան, ըստ տուժողի, Ռեժինան գտնվել է իր օբյեկտում՝ որպես հաճախորդ: Նա մտել, ինչ-որ բան է պատվիրել ու նստել է:
Ամբաստանյալ Սարգիսն ասել է, որ ինքը, դիմակավորված, մոտենալով Գարաբետին ու դանակով սպառնալով՝ ասել է. «Հեռու մնա ընկերուհուցս»:
Բայց տուժողը պնդել է, թե ինքը լսել է անգլերեն՝ «Տո՛ւր դրամապանակդ» արտահայտությունը: Քանի որ հարձակվողները դիմակներով էին, ինքը չի կարող ասել, թե երկու հարձակվողներից կոնկրետ ո՞վ է ասել անգլերեն այդ արտահայտությունը, բայց ասվել են հատկապես դրամապանակ պահանջող խոսքերը: Տուժողը նշել է, թե անհնար է վերոհիշյալ երկու արտահայտությունների անգլերեն արտասանությունը շփոթել մեկը մյուսի հետ:
Տուժողն այսպես է նկարագրել դեպքը. «Երբ ընկա գետնին, հարձակվողները սկսեցին քաշել սկզբում իմ ոտքերից, հետո՝ ջինսե տաբատի փողքերից, ցանկանալով իջեցնել տաբատս, որ գրպանները հեշտությամբ ստուգեն…»:
Ըստ տուժողի՝ երբ քաշել են տաբատի փողքերից, տաբատը որոշ չափով իջել է, չնայած գոտի կար կապված: Ինքն ընկած է եղել մեջքի վրա: Քանի որ տղաները երկուսով ուժեղ էին քաշում, տաբատը իջել է: Երբ հարձակվողներից մեկը անգլերեն պահանջել է դրամապանակը, մյուսը ստուգել է տաբատի գրպանները, առջևի գրպանից հանել է դրամապանակը և «հայերեն» ասել է. «Դավայ, գնացինք»: «Այդ խառնաշփոթի մեջ ու դիմակների պատճառով ես չեմ կարող ասել՝ ով խոսեց անգլերեն, և ով ստուգեց գրպաններս ու հանեց դրամապանակս»,- ասել է տուժողը:
Տուժող Գարաբետը Սիրիայի քաղաքացի է, ապրում է Հայաստանում, զբաղվում է բիզնեսով:
Տուժողի կարծիքով՝ ամբաստանյալներն իրեն սպանելու նպատակ չեն ունեցել, միայն ցանկացել են վախեցնել ու հափշտակել մոտի գումարները: Նա ամբաստանյալներին որևէ պահանջ չի ներկայացրել:
Ընդհանուր իրավասության դատարանն անարժանահավատ է գնահատել ամբաստանյալ Սարգսի պնդումները, թե ինքն ու ընկերը ցանկացել են միայն տուժողին վախեցնել:
Դատավճռում արձանագրված է. «Դատարանն անտրամաբանական է համարում մի բանի համար մարդուն «դաս» տալը, երբ այդ մարդու մոտ հանելուկ է մնալու, թե ովքեր էին իր «ուսուցիչները», և որն էր այդ «դասի» թեման»:
Սարգիս Համբարձումյանն ու Էդուարդ Դավթյանը մեղավոր են ճանաչվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Սարգիս Համբարձումյանը դատապարտվել է 7 տարի 6 ամիս, իսկ Էդուարդ Դավթյանը՝ 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Պատիժների սկիզբը՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-ից:









































