ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ-ից արտահոսքին՝ նշեց, որ ՀՀԿ-ին ձեռնտու չէ այդ արտահոսքը:
«ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, մի՞թե ձեռք է տալիս, որ ԲՀԿ-ն վերանա, և այդ տեղն այդպես էլ բաց մնա, ո՞վ պետք է լրացնի այդ տեղը: Եթե դուք ասում եք, որ ԲՀԿ-ն սերտաճած է ՀՀԿ-ի հետ, ուրեմն ՀՀԿ-ին ավելի ձեռք է տալիս, որ այդ դաշտում մնա ԲՀԿ-ն՝ իր պատգամավորներով: Այնտեղ իրավիճակ է փոխվել:
Փոքր պատմական էքսկուրս կատարենք. ինչո՞ւ հենց սկզբում ԲՀԿ-ն իրեն չհայտարարեց ընդդիմություն, այլ հայտարարեց այլընտրանք, որովհետև իրենց մեջ կային խնդիրներ, իրենց պատգամավորները, կուսակիցները, երբ համախմբվել էին իրենց առաջնորդի շուրջը, չեմ ասի՝ գաղափարի շուրջը, լուրջ քաղաքական երկրորդ ուժն էին։ Այն ժամանակ, երբ կոալիցիայից դուրս գալուց հետո պետք է իրենց ընտրությունը կատարեին, բավականին լուրջ խոչընդոտներ կային այնտեղ, այդ իսկ պատճառով իրենց հայտարարեցին այլընտրանք, ինչը ինձ համար անհասկանալի էր»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ երբ ԲՀԿ-ն ընդդիմություն հռչակվեց, բավականին խնդիրներ առաջացան իրենց կուսակիցների մեջ, ովքեր պարզապես իրենց չէին պատկերացնում ընդդիմադիր դաշտում: Բաղդասարյանի խոսքով՝ կային մարդիկ, որոնք իրոք անձի շուրջ էին համախմբվել: Անձը այսօր հեռանում է քաղաքականությունից, իսկ ՀՀԿ-ին ձեռնտու է, որ ԲՀԿ-ն նույն ձևով, որպես երկրորդ քաղաքական ուժ, իր 36-37 պատգամավորներով մնա:
Ինչպես նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ ԲՀԿ-ն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, և այս հարաբերական անդորրը թվացյալ է, որևէ կերպ ձեռնտու չէ իշխանությանը։ Ընդհակառակը՝ իշխանությանը ձեռնտու է, որ շատ արագ ձևավորվի նորմալ, կառուցողական ընդդիմադիր դաշտ:
Ավելին՝ տեսանյութում:







































