Մարտի 9-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա Սաբհայի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:
Հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շարունակաբար զարգացել և ամրապնդվել են՝ դառնալով էլ ավելի ջերմ և բարեկամական: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելությունների հաճախակիացման կարևորությունը:
Խոսելով երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր ավանդական կապերի մասին` Մոհամադ Համիդ Անսարին հատուկ նշել է հայ համայնքի ունեցած կարևոր դերը Հնդկաստանի ներքին կյանքում:
Հնդկաստանի փոխնախագահի խնդրանքով դեսպան Հակոբյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվելիք միջոցառումները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային արդի խնդիրներ:









































