Միջազգային ասպարեզում Բարաք Օբաման ընկերական հարաբերություններ չունի առաջնորդներից գործնականում և ոչ մեկի հետ՝ գրում է Business Insider-ը: Իր գնահատականներում պարբերականը հենվում է, մասնավորապես, The New York Times-ի հոդվածի վրա, որում վերլուծվում են ԱՄՆ նախագահի և նրա գործընկերների միջև հարաբերությունները:
Այսպես, The New York Times-ը գրում է, որ Օբաման «երբեք յոլա չի գնացել» Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիկիի և Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայի հետ:
Բացի դրանից՝ հազիվ թե մեկը կարծում է, որ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ են տածում Օբաման և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Անցած տարի Օբամայի վարչակազմից բարձրաստիճան պաշտոնյան Նեթանյահուի մասին շատ կոպիտ արտահայտություններով է խոսել: Անցած շաբաթ Օբաման ինքը հրաժարվեց հանդիպել Նեթանյահուի հետ, որը ելույթ ունեցավ ԱՄՆ կոնգրեսի առաջ՝ դատապարտելով Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը:
Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ «որոշ ժամանակ» նա լավ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, բայց, ըստ երևույթին, այդ ժամանակը ավարտվել է՝ նշում է Business Insider-ը: ԱՄՆ նախագահը երբեմնի լավ հարաբերություններ է ունեցել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հետ՝ մինչև 2011թ. նրա տապալումը:
2013թ. Օբաման փորձում էր երկխոսություն սկսել Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ, սակայն ԱՄՆ նախագահի օգնականներն «ավելի ուշ խոստովանեցին, որ բարեկամություն հաստատելու ջանքերը հիմնականում ձախողվել են»՝ գրում է The New York Times-ը: Բացի դրանից՝ իր նախագահության ամենասկզբից Օբաման «առանձնակի ջանքեր չի գործադրել» Վլադիմիր Պուտինի հետ կապ հաստատելու համար:
Լեհաստանի հետ հարաբերություններում Օբաման սխալ գործեց՝ ասելով «լեհական մահվան ճամբարներ»՝ «նացիստականների» փոխարեն: Ի պատասխան՝ Լեհաստանի այդ ժամանակվա վարչապետ Դոնալդ Տուսկն Օբամային մեղադրեց «անկրթության, գիտելիքների բացակայության և վատ մտադրությունների» մեջ:
The New York Times-ի տեղեկությամբ՝ Օբաման գործնական, բայց ոչ մտերիմ հարաբերություններ ունի Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այլ են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հարաբերությունները, բայց դրանք էլ, հենց Օբամայի խոստովանությամբ, տուժել են ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով:








































