«Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Աշոտ Կարապետյանի» գործը նոր ընթացք է ստացել: Թեպետ պաշտոնապես չի հայտարարվում, որ նախաքննությունն ավարտվել է, այդուհանդերձ գործը հետաքննող քննիչը Բելգիայում բնակվող Վիրաբյանին դիմում է ուղարկել՝ նշելով, որ նախաքննության ընթացքում որոշակի հանգամանքներ է պարզել, ինչի համար անհրաժեշտ է, որ Վիրաբյանը գա Հայաստան ու դատաբժշկական փորձաքննություն անցնի:
Գրիշա Վիրաբյանը, հիշեցնենք, դաժան ծեծի էր ենթարկվել 2004 թվականին՝ Արտաշատի ոստիկանական բաժանմունքում, այնուհետև ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց և հրատապ վիրահատվել։ Կազդուրվելուց հետո Վիրաբյանը բնակվում է Բելգիայում, ունի քաղաքական փախստականի կարգավիճակ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԺԿ նախկին անդամ, ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանն ասաց, որ ամեն քայլի կդիմի՝ Երևան գալու և այդ փորձաքննությունն անցնելու համար։ Նրա խոսքերով՝ իրեն այժմ չեն թույլատրում Հայաստան վերադառնալ, որովհետև Բելգիայի իշխանությունները կարծում են, թե նրա կյանքին այստեղ վտանգ է սպառնում. «Ես դիմել եմ արդեն համապատասխան մարմիններին՝ սպասում եմ առաջիկա օրերին պատասխանը ստանալ: Եթե պետք լինի՝ պատրաստ եմ ամեն ինչից հրաժարվել միայն թե գամ այդտեղ, անցնեմ այդ փորձաքննությունն ու ամեն ինչ անեմ, որ բոլոր մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նա:
Վիրաբյանը միևնույն ժամանակ տպավորություն է ստանում, որ ՀՀ իրավապահ համակարգը գործը նորից կոծկելու միտում է հետպանդում. «Անկեղծ ասած՝ այդպիսի տպավորություն եմ ստանում, որովհետև ինձ հասցեագրված գրության մեջ քննիչը չի նշում գործի ամենակարևոր հանգամանքները: Ամենակարևորը չի նշվում գործին անմիջական առնչություն ուենցած այն ժամանակ Արտաշատի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Գառբուզյանի վերաբերյալ ինչ-որ բան: Բոլորն առերեսման եկել են՝ նույնիսկ Երևանի այժմյան ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, իսկ Գառբուզյանին պահում են, մինչդեռ նա ինձ վրա «քեն էր պահում», և ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո էլ վստահ եմ, որ ինձ ճանաչեց, ու ինձ ծեծելը նաև այդ հանգամանքով էր պայմանավորված»,- պատմեց Վիրաբյանը:
Մանրամասնելով իր միտքը՝ Գրիշա Վիրաբյանն ասաց, որ երբ ինքն աշխատել է կառավարության աշխատակազմում, բողոք է ստացել, որ Գառբուզյանը վախեցնելու և շանտաժի միջոցով ծեծկռտուքի մասնակցած մի քաղաքացու ստիպել է, որ բենզալցակայանում կամաց-կամաց 500 դոլար փակի՝ այն ժամանակ դա մեծ փող էր. «Այդքան գումարին համարժեք բենզին են վերցրել ու հեռացել՝ սպառնալով գումարը չվճարելու դեպքում՝ խուլիգանության հոդվածով գործ հարուցել»:
Երբ Վիրաբյանը այս աղաղակող իրադարձության վերաբերյալ հրապարակում է արել, ամիսներ անց ոստիկանություն՝ իբրև թե զենք կրելու մեղադրանքով բերման ենթարկված Վիրաբյանին Գառբուզյանը, նրա վերադասը՝ Աշոտ Կարապետյանը և այլ ոստիկաններ ծեծի են ենթարկել: Բացի այս հանգամանքից, Վիրաբյանն իր ընդդիմադիր գործունեության պատճառով մշտապես եղել է իրավապահ համակարգի, այն ժամանակվա իշխանությունների համար խիստ անցանկալի մարդ:
Այժմ հետևելով գործի ընթացքին՝ Վիրաբյանն ասում է, որ բացի այդ դեպքից, մի քանի այլ փաստեր ընդհանրապես գործը հետաքննող քննիչի ուշադրության կենտրոնում չեն: Վիրաբյանը հույս ունի, որ գործը գտնվելով եվրանախարարների ուշադրության կենտրոնում՝ արդար լուծում կստանա, սակայն որոշ պաշտոնավորներին ընդհանրապես չանդրադառնալը արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս:
«Ինձ ոստիկանություն են տարել ապրիլի 23-ին՝ առավոտյան ժամը 11-ին,իսկ նույն օրը երեկոյան ոստիկանապետի գրություն մակագրությունը կա հերթապահ ոստիկանի հեռախոսազանգ ընդունելու վերաբերյալ՝ իբրև թե ես զենք եմ կրում ու երեկոյան 17 անց 05-ին՝ ինձ իբր բերել են ոստիկանություն: Մինչդեռ կա բժշկի տեղեկանքը, որ մինչև ինձ ոստիկանություն բերելը ոստիկանների կողմից, ցերեկը 12-ին ինձ բժշկական օգնություն են ցուցաբերել: Այս աղաղակող փաստին չանդրադառնալը ևս կասկածի տեղիք է տալիս»,-եզրափակեց Վիրաբյանը








































