ԴԱԻՇ-ը («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ազատ է արձակել փետրվարի վերջին Սիրիայի Թել Թամեր քաղաքում գերեվարված բոլոր ասորի քրիստոնյաներին: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ն «այսօր ուրբաթօրյա կեսօրյա աղոթքից հետո ազատ է արձակել պահվող ասորիներին»: Ասորական համայնքի ներկայացուցիչը հաստատել է այդ տեղեկությունը` նշելով, որ «նրանք դեռ դուրս չեն եկել շրջաններից, որոնք ԴԱԻՇ-ի միավորումների վերահսկողության տակ են»:
Իրավապաշտպան կազմակերպությունը, հղում անելով ասորիների զինված միավորումների ղեկավարին, նշում է, որ ազատ են արձակվել ծայրահեղականների մոտ գերի եղած բոլոր ասորիները:
ԴԱԻՇ-ը գերեվարել է առնվազն 300 ասորի քրիստոնյա: Վերջին օրերին գրոհայինների հետ բանակցություններ են տարվել նրանց ազատելու վերաբերյալ: Քրիստոնյաներին առևանգողները փրկագին են պահանջել: Ավելի վաղ գրոհայիններն արդեն բաց էին թողել 24 գերու:
Ծայրահեղականները պահանջել են նաև դադարեցնել Ջեբել-Աբդելազիզում իրենց խոշոր ճամբարի վրա օդային գրոհները:







































