Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խստորեն քննադատել է «Ազգայնական շարժում» կուսակցությանն ու դրա առաջնորդ Դևլեթ Բահչելիին, որը, իր հերթին, մշտապես քննադատում է իշխանություններին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ համագործակցելու համար։ Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը։
«Եթե Թուրքիայում սկսվեն մարտական գործողությունները, Բահչելին գո՞հ կլինի, եթե Թուրքիայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որպիսին այժմ Սիրիայում է, նա գո՞հ կլինի։ Մենք պետք է հեռատես ու խելացի լինենք։ Բահչելին պետք է օրինակ վերցնի իր կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշից, որը ծանր շրջանում, երբ մարտեր էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, հանդիպեց Հայաստանի նախագահի հետ։
Արդյոք դրանով մենք ՀՀ-ի առաջ խոնարհեցի՞նք մեր գլուխը։ Ո՛չ, Թյուրքեշն իսկական պետական գործչի մոտեցում ցուցաբերեց։ Այդ հանդիպումը շատ կարևոր էր Թուրքիայի շահերի տեսանկյունից»,- ասել է Դավութօղլուն։
Հիշեցնենք, որ 1993 թվականի մարտին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ԱՇԿ-ի հիմնադիր, «Գորշ գայլեր» կազմակերպության առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ:








































