Դեղորայքակայունությունը ոչ միայն մեծ ֆինանսական բեռ է ստեղծում առողջապահության համակարգի համար, այլ նաև խլում է ավելի շատ մարդկային կյանքեր` սպառնալով ի չիք դարձնել առողջապահությանը վերաբերող Հազարամյակի զարգացաման նպատակների իրականացման ուղղությամբ ձեռքբերումների մեծ մասը:
Այն կարող է ստվերել նաև ոչ վարակիչ հիվանդությունների բուժման նպատակով ժամանակակից դեղերի և տեխնոլոգիաների մշակման ասպարեզում առկա նվաճումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է, որ, թերևս, առավել մտահոգիչ է այն փաստը, որ այսօր համարյա չկան սպասվող նոր հակամանրէային դեղամիջոցներ, որոնք կարող են փոխարինել իրենց արդյունավետությունը կորցրած դեղերին:
Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ահազանգեցին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները:









































