Սաքարիայի համալսարանի Թուրք-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, խիստ հակահայ հայացքներով աչքի ընկնող Հալուք Սելվին թուրքական «Ռադիկալ» պարբերականում լույս տեսած իր հոդվածում նշել է, որ հայերն իսլամաֆոբիայի գործոնն օգտագործում են Հայոց ցեղասպանության քարոզի շրջանակներում։
«Թուրք-հայկական հարաբերությունները հազար տարվա պատմություն ունեն։ Հարյուրավոր տարիներ շարունակ հայերն ապրել են թուրքական մուսուլմանական պետության ենթակայության տակ՝ ազատորեն դավանելով իրենց սեփական կրոնն ու մշակույթը։ Սակայն 19-րդ դարից սկսած՝ ռուսների և անգլիացիների աջակցությամբ նրանք սկսեցին մտածել իրենց անկախ պետությունը ստեղծելու մասին։
Այսօր Հայկական սփյուռքն ամբողջ աշխարհում ակտիվ լոբբիստական աշխատանքներ է իրականացնում, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ։
Այս տարի Ֆրանսիայում «Շառլի Էբդո» շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակումից հետո Եվրոպայում իսլամաֆոբիայի դրսևորումներ ի հայտ եկան։ Այս համատեքստում Հայաստանը օգտագործում է իսլամաֆոբիայի գործոնը՝ 1915 թվականի իրադարձություններն աշխարհում որպես ցեղասպանություն ներկայացնելու նպատակով», – գրել է հեղինակը։







































