Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» (HDK) շարունակում է նախապատրաստվել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում ֆաշիստական խմբավորումների՝ Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ «հայկական ահաբեկչության դեմ» խորագրով փետրվարի 22-ին անցկացվելիք ցույցի դեմ ակցիային։ Այս մասին հաղորդում է թուրքական «Էթքին» լրատվական գործակալությունը։
«Քադըքյոյում ռասիզմի համար տեղ չկա» նախաձեռնության անդամներից Օզդեշ Օզբայը հայտարարել է, որ իրենք մտադիր են պայքարել հայկական և հունական եկեղեցիների դեմ ազգայնամոլների առաջիկա ակցիայի անցկացման դեմ։
«Մենք շարունակում ենք նախապատրաստական աշխատանքները։ Օրեցօր հակառասիստական այս նախաձեռնությանը նոր մարդիկ են միանում։ Ուզում ենք հասնել նրան, որ այդ ցույցը չեղյալ հայտարարվի։ Ռասիզմը դեմ է ժողովրդավարությանը»,- ասել է Օզբայը։
Հիշեցնենք, որ «կա՛մ թուրք եք, կա՛մ փչացած» կարգախոսով առաջնորդվող ծայրահեղականները պատրաստվում են փետրվարի 22-ին Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու առջև հակահայ ցույց անցկացնել։
Նշենք, որ Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «Խոջալուի դեպքերը»՝ իր հակահայ քարոզչության համար: Պաշտոնական Անկարան Խոջալուի դեպքերի համար հայերին մեղադրում է «ադրբեջանցիների կոտորածի ու ցեղասպանության» համար և իր պնդումներն ակտիվորեն թմբկահարում միջազգային հարթակում:
Յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին թուրքական իշխանությունները երկրի ամբողջ տարածքում ակտիվացնում են Խոջալուի դեպքերի հետ կապված գործունեությունը, ինչն ուղեկցվում է խիստ հայատյաց տրամադրություններով: Միևնույն ժամանակ, թուրքական պետության հետ մեկտեղ՝ ադրբեջանական լոբբին ևս ակտիվորեն կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ, քարոզչական արշավներ՝ Թուրքիայում հակահայ կրքեր բորբոքելու համար:







































