Գերմանիայում բնակվող թուրք գիտնական Ալի Սյոյլեմեզօղլուն մտադիր է Հայոց ցեղասպանությունը ժխտող համաժողով անցկացնել։ Այս մասին գրում է թուրքական «Մուհաբիրջե» կայքը։
Համաժողովը տեղի է ունենալու փետրվարի 22-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում։
Նշենք, որ Ալի Սյոյլեմեզօղլուն հակահայ հայացքներով աչքի ընկնող թուրք գործիչ է, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ակտիվ գործունեություն իրականացնող թուրք մտավորականության վառ ներկայացուցիչներից է։
2015 թվականին ընդառաջ՝ թուրքական կողմն ակտիվացրել է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը տարբեր ճակատներում, այդ թվում և գիտական ուղղությամբ: Թուրքիան տպում է Ցեղասպանությունը ժխտող բազմալեզու գիտական գրականություն, անցկացնում տեղական և միջազգային սեմինարներ ու գիտաժողովներ: Թուրքիան նաև ֆինանսավորում է միջազգային կարևորություն ունեցող համալսարաններում Ցեղասպանության փաստի ժխտմանն ուղղված քայլերը:
Բացի դրանից՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող թուրքերը նաև Անկարայի միջամտությամբ կազմակերպում են հակահայ ակցիաներ, միջոցառումներ:







































