Եգիպտոսի ընդդիմությունը, որը հրաժարվել էր նախագահ Մուրսիի հետ բանակցություններից, նրան «լուրջ երկխոսության» կոչ է արել:
Ընդդիմությունը հայտարարել է նախագահի, պաշտպանության և ներքին գործերի նախարարների, «Մուսուլման եղբայրների» և Սալաֆիական ճակատի ներկայացուցիչների հետ արտակարգ հանդիպման անհրաժեշտության և անհապաղ միջոցառումների ընդունման մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Փրկության ազգային ճակատի» առաջնորդներից մեկը՝ Մուհամմադ Ալ-Բարադեյը:
Նա գրել է նաև, որ բռնության դադարեցումը իրենց առաջնային հանձնարարությունն է, հանուն որի իրենք պատրաստ են լուրջ երկխոսություն սկսել:
Երկուշաբթի Եգիպտոսի գլխավոր ընդդիմադիր կոալիցիան՝ «Փրկության ազգային ճակատը», հրաժարվել էր մասնակցել Մուրսիի հետ բանակցություններին: Պայմաններից մեկը, որոնց պարագայում նրանք համաձայնել էին հանդիպել նախագահի հետ, այն էր, որ Մուրսին պետք է ստանձնի վերջին օրերի արյունահեղության պատասխանատվությունը, որի զոհ է դարձել 5 տասնյակ մարդ:







































