«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության անցկացումից 30 տարի անց Չինաստանը բախվել է ծերացման խնդրի և լուրջ գենդերային անհամաչափության: Այս մասին հայտնում է vestifinance.ru-ն:
Այժմ Շանսի նահանգում ծնելիության վերահսկողության բյուրոյի ղեկավարի տեղակալ, նահանգի Քաղաքական խորհրդատվական մարմնի մշտական կոմիտեի անդամ Մեյ Չժիցյանն առաջարկում է հակադիր կուրս սկսել և զույգերին խրախուսել երկրորդ երեխայի ծննդյան առնչությամբ:
Չնայած անցած տարի «1 երեխայի քաղաքականության» մեղմացմանը՝ սպասվող բեյբի-բումը չի ստացվել: Նոր ծրագրի համաձայն՝ զույգերը կարող են երկրորդ երեխա ունենալ, եթե ընտանիքում արդեն 1 երեխա կա, բայց այդ իրավունքն ունեցող ընտանիքների միայն 9%-ն է օգտվել այդ հնարավորությունից՝ վկայում են ծնելիության վերահսկողության ազգային մարմնի 2014թ. վերջի վիճակագրական տվյալները:
Մի քանի տասնամյակ տևած «1 երեխայի քաղաքականության» հետևանքով Չինաստանում տղաների թիվը մեծապես գերազանցում է աղջիկների թվին, քանի որ շատ զույգեր տղա են ուզում ունենալ: Ծերացման խնդիրը ծանրաբեռնում է Չինաստանի կենսաթոշակային համակարգը, իսկ գենդերային անհավասարակշռությունը դժվարացրել է շատ տղամարդկանց ամուսնանալու հարցը:









































