ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հինգշաբթի իրենց վերահսկողության տակ են վերցրել Իրաքի արևմուտքում գտնվող Ալ-Բաղդադի քաղաքը։ Al-Jazeera-ի փոխանցմամբ՝ բախումների ընթացքում կենդանի ուժի կորուստ են ունեցել նաև հանրապետության անվտանգության ուժերը։
Ծայրահեղականները քաղաքի վրա հարձակում են իրականացրել մի քանի ճակատներից։ Մարտերում զոհվել են 14 զինծառայող և կառավարամետ «Ալ-Սահվա» աշխարհազորի մարտիկներ։ Ոչնչացված ահաբեկիչների մասին տվյալներ չկան։
Բացի այդ, տեղեկություններ են ստացվում «Այն Ալ-Ասադ» ավիաբազայի շրջանում հրաձգության մասին, որտեղ ԱՄՆ ծովահետևակային կորպուսի մոտ 320 զինվորական մասնագետներ իրաքցի զինվորականների ու սպաների ուսուցում են անցկացնում։ Ինչպես հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էլիսա Սմիթը, հաղորդագրություններ են ստացվել բազայի մերձակայքում ոչ էֆեկտիվ, ոչ թիրախային կրակի մասին։
Ալ-Բաղդադին գտնվում է Սիրիային սահմանակից Անբար նահանգում, որտեղ մի շարք քաղաքներ գրոհայինները զավթել էին մինչ անցած տարվա հունիսին զանգվածային հարձակումների անցնելը։







































