Դերասանուհի Ջեյմի Բրյուերը կլինի Դաունի համախտանիշով առաջին մոդելը, որը պոդիում կբարձրանա: Դա կլինի 2015թ. աշնանը Նյու Յորքի Նորաձևության շաբաթի ժամանակ՝ հայտնում է Today.com-ը:
«Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում մարմնավորած դերով հայտնի Բրյուերը հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի պաթոլոգիայով տառապող այլ երիտասարդ աղջիկների:
Նորաձևության ցուցադրությանը Բրյուերի մասնակցությունը նախաձեռնել է դիզայներ Քերի Համերը: Նա Բրյուերի համար զգեստ է կարել, որը պետք է «ընդգծի նրա հրաշագեղությունը»:
Դերասանական կարիերայից առաջ Ջեյմի Բրյուերն աշխատել է որպես փաստաբան՝ պաշտպանելով ինտելեկտուալ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները: Նա նաև գեղարվեստական ստեղծագործություններ է գրում, զբաղվում է գեղանկարչությամբ:









































