Հունվարի 29-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:
Դեսպան Մանուկյանը նախ շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը:
Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշել, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում դեսպանը և փոխվարչապետը քննարկել են նաև տարածաշրջանային և Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպման կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջև առկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:







































