Սառույցի ու օրգանական միացությունների մի շարք լաբորատոր փորձերի ընթացքում ամերիկացի աստղագետները պարզել են, թե ինչու են գիսաստղերը ծածկված ամուր կեղևով:
Նրանք ցույց են տվել, թե ինչպես է փափուկ «ձյունը» գիսաստղի մակերեսին բյուրեղանում ու ամրանում երկնային մարմնին Արեգակի մոտենալուն զուգահեռ:
Սառցե բյուրեղների ձևավորման հետ մյուս մոլեկուլները (ածխածնի պարունակությամբ) դուրս են գալիս մակերես: Այս մասին գիտնականները հրապարակել են The Journal of Physical Chemistry ամսագրում:
«Գիսաստղը նման է ֆրիտյուրի վրա տապակած պաղպաղակի: Դրա կեղևը բաղկացած է բյուրեղային սառույցից, իսկ ներսի նյութն ավելի սառն է ու ծակոտկեն: Օրգանական քիմիան կարելի է համեմատել շոկոլադե գլազուրի վերին շերտի հետ»,- հայտարարել է հոդվածագիր Մուրտի Գուդիպատին:
Գիտնականներն իրենց փորձը սկսել էին ամորֆ սառույցի ստացմամբ:
Հաղորդվում է, որ նման նյութից բաղկացած են ամենասառը գիսաստղերը:
Գիտնականներին կարևոր է հասկանալ ֆիզիկաքիմիական պրոցեսները, որ տեղի են ունենում գիսաստղերի ներսում, քանի որ այդ երկնային մարմինները կարող էին երիտասարդ Երկիր բերել ջուր ու օրգանական միացություններ:









































