Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ քաղխորհրդի նիստը, իսկ դա նշանակում է, որ Գործադիր մարմնում ինչ-որ որոշում է կայացվել, որը պետք է հաստատվի նաև խորհրդի կողմից: Ընդհանրապես, ՀՀԿ-ում այդպես են հրապարակայնացվում որոշումները: Իսկ ինչ հարց է քննարկվել, և ինչ որոշում է կայացվել նախօրեին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ում:
Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ նախագահ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ իր համար այլևս անթույլատրելի է ներկա վիճակը, երբ ԲՀԿ-ն և խորհրդարանական մյուս կուսակցությունները հանդես են գալիս սպառնացողի և մեղադրողի դերում, իսկ ՀՀԿ-ականները՝ պասսիվ պաշտպանվողի: Սարգսյանն ասել է, որ այլևս պետք է համարժեք պատասխան տրվի, և որևէ հարձակում իշխանության և ՀՀԿ-ի նկատմամբ չի կարող անպատասխան մնալ:
Հարցն այն է, թե ինչ պատասխանի մասին է խոսքը, և ինչպես պետք է ՀՀԿ-ն կամ իշխանությունը պատասխանի իր հասցեին հնչող քննադատությանը կամ իշխանափոխություն անելու, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ կազմակերպելու սպառնալիքներին: ՀՀԿ-ականներն ասում են, որ քննարկվել են մի քանի տարբերակներ, և դրանք հայտնի կդառնան փետրվարի 12-ին:
Իհարկե, դժվար չէ ենթադրել, թե իշխանությունը ինչպես կարող է պատասխանել իր հասցեին հնչեցվող քննադատությանը կամ սպառնալիքներին: Մինչև այժմ իշխանությունները բավական լոյալ են եղել ԲՀԿ-ական պատգամավորների և նրանց գործունեության նկատմամբ: Բազմաթիվ ԲՀԿ-ականների և նրանց մերձավոր շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ կան հարուցված և քաղաքական նպատակահարմարությունից ելնելով սառեցված քրեական գործեր: ԲՀԿ-ական պատգամավորների մի մասը, գիտակցելով, թե ինչ վտանգ է իրենից ներկայացնում ԲՀԿ-ի առճակատումը իշխանության հետ, ընդհանրապես սառեցրել են իրենց ակտիվ համագործակցությունը սեփական կուսակցության հետ, և գերադասում են չմասնակցել կուսակցության ղեկավարի կազմակերպած խորհրդաժողովներին ու բողոքի ակցիաներին:
Բավարար է իշխանության ցանկությունը, և ԲՀԿ խմբակցությունը կարող է կորցնել իր անդամների մեծ մասին: ԲՀԿ-ականները մինչև այժմ համարվում էին պաշտպանված իշխանության ոտնձգություններից, և եթե այդ պաշտպանվածության միֆը վերանա, կուսակցությունը կարող է ընդհանրապես կորցնել իր անդամների մեծ մասին: Հայաստանում այդպիսի իշխանական և մերձիշխանական բազմաթիվ կուսակցություններ են փոշիացվել՝ կորցնելով իշխանությունը կամ իշխանության բարեհաճությունը: Կարելի է հիշել ՀՀՇ-ին, ՀԺԿ-ին, կամ ՕԵԿ-ին, որին ամենաքիչն է ուզում նմանվել ԲՀԿ-ն:







































