Բեռլինի կենտրոնական Ալեքսանդերպլատց հրապարակը հունվարի 29-ին փակել են կասկածելի նյութի պատճառով, որը թափվել էր հասարակական տրանսպորտի մի շարք կայանատեղիներում,- գրում է Berliner Morgenpost-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին: Ի սկզբանե ենթադրվում էր, որ դա կարող էր լինել ֆլուորական թթու, որը թունավոր է մարդու համար: Սակայն առաջին անալիզներից հետո վտանգը չի հաստատվել:
Ըստ Bild-ի տվյալների՝ անհայտ նյութը հայտնաբերվել է հասարակական տրանսպորտի ամենաքիչը վեց կայանատեղիներում: Հիմա ոստիկանությունը պարզում է, թե ինչ հեղուկ է դա, և արդյոք թունավո՞ր է, թե՞ ոչ: Իրավապահները արգելափակել են միայն կայանատեղիների տարածքը, իսկ մնացած հատվածը բաց է:
Ահազանգ բարձրացրել են Wall գովազդային ընկերության աշխատակիցները, որոնք հրապարակի կայանատեղիներում գովազդային պաստառներ են փակցրել: Առավոտյան մոտ ժամը յոթին նրանք որոշել են զանգահարել ոստիկանությանը, քանի որ զգացել են շնչառության դժվարացում: Բացի այդ, նրանք նկատել են, որ մի քանի կայանատեղիներում վնասվել են ապակիները՝ հաղորդում է RBB ռադիոկայանը:









































