Apple ընկերությունը թողարկել է iOS 6 օպրեացիոն համակարգի թարմացում՝ iOS 6.1, որը տարածվում է «օդով» և «կշռում»՝ 107 մեգաբայթ,- հաղորդում է Lenta-ն:
Այն հնարավոր է տեղադրել iPhone 3GS, 4, 4S և 5 սմարթֆոնների, 3-րդ և 4-րդ սերնդի iPad պլանշետների, iPad mini-ի, 4-րդ և 5-րդ սերնդի iPod touch նվագարկչի և Apple TV-ի վրա:
iOS 6.1-ի տեղադրումից հետո iPhone-ը և iPad-ը կսովորեն միանալ նոր օպերատորների LTE-ցանցերի:
iTunes Match վճարովի համակարգի օգտատերերը հնարավորություն կստանան iCloud-ից ներբեռնել առանձին թրեքեր: Apple TV-ի սեփականատերերը կկարողանան սարքին միացնել անլար ստեղնաշար: ԱՄՆ-ի բնակիչները կինոյի տոմսեր կարող են պատվիրել Siri ձայնային օգնականի միջոցով:
Հիշեցնենք, որ iOS 6 օպերացիոն համակարգը թողարկվել է 2012 թ. սեպտեմբերի 19-ին: Apple-ի տվյալներով՝ այն տեղադրված է ավելի քան 300 միլիոն սարքերի վրա:









































