Թուրքիայում, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ԱՍԻՄԴԵՐ) և Ադրբեջանի միջազգային սփյուռքի կենտրոնի նախաձեռնությամբ ցույց է անցկացվել՝ Արցախում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու պահանջով։ Այս մասին հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Ստամբուլի Հալքալը շրջանում անցկացված ցույցի ժամանակ հակահայ կոչեր են հնչել, մասնակիցները հանդես են եկել ադրբեջանցիների կողմից թևավոր խոսք դարձած «Գարաբաղ բիզիմդիր» (ադրբ.՝ «Ղարաբաղը մերն է».- խմբ.), «մեր հողերը կրկին ազատելու ենք» և նմանատիպ այլ վանկարկումներով։
ԱՍԻՄԴԵՐ-ի կենտրոնն Իգդիրում է, մասնաճյուղեր ունի թուրքական այլ քաղաքներում ևս։ Տեղեկություններ կան, որ կազմակերպությունը ֆինանսական աջակցություն է ստանում նաև Բաքվից: Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» հատկապես վերջին շրջանում սերտորեն համագործակցում է ադրբեջանական տարբեր կազմակերպությունների հետ, որի նպատակն է 2015-ին ընդառաջ Եվրոպայում հակահայ տրամադրություններ ստեղծել և պայքարել հայկական լոբբիի դեմ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ հայկական սահմանն ապօրինի հատած ադրբեջանական զինված խմբի անդամներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին մեղավոր են ճանաչվել Արցախի դատարանի կողմից։ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը 22 տարվա ազատազրկման։









































