ՀՀԿ-ն չի շտապում պատասխանել Գագիկ Ծառուկյանի ելույթին: Արձագանքներ իհարկե եղել են, սակայն այդ արձագանքները գլխավոր հարցի պատասխանները չեն պարունակում՝ ընդունո՞ւմ են կոալիցիա կազմելու առաջարկը, թե՞ չեն ընդունում: ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ հիմա էլ պատրաստ են կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, սակայն եթե կիսում են նաև պատասխանատվությունը իշխանական գործունեության համար:
Բայց այս հայտարարությունը շատ անորոշ է Ծառուկյանի որոշակի պայմանի ֆոնին՝ կոալիցիա կամ արտահերթ ընտրություններ: Խնդիրը, սակայն, այն է, որ ՀՀԿ-ում չեն հավատում արտահերթ ընտրությունների պահանջով հասարակությանը փողոց դուրս բերելու ԲՀԿ-ի, այսպես ասած, համարձակությանը: Գալուստ Սահակյանը՝ ԱԺ նախագահն ու ՀՀԿ-ի փոխնախագահը, հայտարարել է, որ Ծառուկյանի ելույթը լի էր հակասություններով, իսկ գնահատական կտան ՀՀԿ առաջիկա ԳՄ նիստերից մեկում քննարկելուց հետո:
Մի կողմից Գալուստ Սահակյանն ակնարկում է, որ իրենց համար հարցը հրատապ չէ, և «նիստերից մեկում» միայն կքննարկեն, մյուս կողմից, իհարկե, ՀՀԿ-ի նմանօրինակ արձագանքը վկայում է, որ գործ ունենք ինչ-որ իմաստով առանցքային վիճակի հետ, և արձագանքը պետք է համաձայնեցնել համընդհանուր ձևաչափով՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ գուցե նաև պարզապես անմիջական ցուցումով: Սերժ Սարգսյանի մոտեցումները իմանալուց զատ, սակայն, ՀՀԿ-ականների համար երևի թե կարիք կա իմանալ ԲՀԿ-ի մոտեցումների, այսպես ասած, սուբյեկտային շրջանակը, ասել է թե այն, թե Ծառուկյանի ելույթը դահլիճում ունկնդրածներից և դահլիճից դուրս էլ քանի՞սն են համաձայն նրա հռչակած մարտավարությանը, ո՞ւմ անունից է այդ մարտավարությունը հռչակվել, ո՞ւմ անունից է հնչել կոալիցիայի առաջարկը, ովքե՞ր են համաձայն, որ Ծառուկյանը գնում է հերթական ընտրությունների:
Սրանք հարցեր են, որ առաջացել են ԲՀԿ ղեկավարի հրավիրած համաժողովի արդյունքում և ըստ էության կարևոր են պատասխանները՝ իրավիճակը հասկանալու համար: Մասնավորապես, հրավիրված համաժողովի մասնակից ուժերը բավական տարաբնույթ են, ու թեև նրանք ընդունել են Ծառուկյանի, այսպես ասած, հրամանատարությունը, այնուհանդերձ, կոալիցիոն առաջարկի դեպքում նրանց բոլորի մեջ հարց է առաջանալու, թե իսկ ո՞րն է իրենց շահը: Այսինքն՝ Ծառուկյանն ինչպես է պատկերացնում կոալիցիոն իշխանության, այսպես ասած, իր մասի բաժանումը: Եթե լայն համաժողովրդական կոնսոլիդացիա հռչակվածը ընդամենը հանգում է կոալիցիոն իշխանության, ապա այդ շարժման մեջ մտած ուժերի միջև ԲՀԿ-ն ինչպե՞ս է բաժանելու իր այդ կոալիցիոն իշխանության մասը: Ըստ որում՝ ոչ մի կասկած չկա, որ Ծառուկյանի ելույթը հենց համաժողովի, նրա շուրջ կոնսոլիդացվող ուժերի շրջանակներում է առավել մեծ մտահոգություններ ու կասկածներ առաջացրել: Կարծում ենք՝ հայաստանյան քաղաքական պատմությունից շատ լավ իմանալով այդ ուժերին, որոնք բոլորովին նոր չեն, որոնք չեն կոնսոլիդացվել ինչ-որ վեհ գաղափարների համար, արժեքների համար, առավել ևս որ դրանք չկան, և կա իշխանություն կիսելու պարզ առաջարկ-պահանջ:
Եվ ուրեմն նրանց մեջ անխուսափելիորեն առկա է հարցը, թե ո՞րն է իրենց շահաբաժինը լինելու: Այս շրջանակից դուրս, ՀՀԿ-ի համար երևի թե շատ կարևոր է հասկանալ, թե Ծառուկյանի առաջարկում որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը, կա՞ ընդհանրապես և ի՞նչ մասով: Սա անշուշտ փորձելու է հասկանալ նաև Սերժ Սարգսյանը, պատկերացնել, թե Ծառուկյանի շուրթերով ինչքանո՞վ է Ռոբերտ Քոչարյանը խոսում, ինչքանո՞վ՝ Հովիկ Աբրահամյանը, ինչքանո՞վ է Ծառուկյանի առաջարկը Քոչարյանի ու Աբրահամյանի գործոնները շրջանցելով՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվելու արդյունք:
Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի համաժողովի ծառուկյանական ելույթը, մի կողմից հստակեցնելով ներիշխանական, համակարգի ներսում առկա շահերի բախման և խաղի սահմանները, մյուս կողմից նաև բավական մոտեցրել է այդ ամենում ներգրավված կամ առնվազն հետաքրքրություններ հետապնդող սուբյեկտների դիրքորոշումների որոշակիացման հարցը: Միայն այստեղ, պատկերի հստակեցումից հետո, Սերժ Սարգսյանը կմշակի իր արձագանքը, և այդ իմաստով շատ հավանական է նույնիսկ, որ իրական արձագանքը կլինի ավելի ուշ, և չի բացառվում, որ այս պահին մշակվի, այսպես ասած, շեղող մանևրի բնույթ կրող որոշակի արձագանք՝ տակտիկական նկատառումներից ելնելով:










































